«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներում տարաված տեղեկատվությանն այն մասին, թե Թուրքիան և Իրանը պատրաստվում են քննարկել «Զանգեզուրի միջանցք»-ի թեման:
«Պարզվում է, որ Թուրքիան և Իրանը Զանգեզուրի միջանցքի հարց չեն քննարկել։ Իսկ շուխուռի պատճառը որոշ հայաստանյան լրատվամիջոցների կողմից, առանց աղբյուրը ստուգելու, ադրբեջանական ապատեղեկատվության տարածումն էր»,- գրել է նա:
Նշենք՝ հունվարի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, սխալ են ներկայացրել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին ասվածը վերագրելով «Զանգեզուրի միջանցքին»։