Վստահաբար կարող եմ ասել, որ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի վթարի մեղավորը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքների անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պահանջում ենք արդարություն, պատիժ պատասխանատուներին, լիարժեք թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- ասել է Ալիևը։
Նշելով, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը, Ալիևը ասել է.
«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կդառնա: Եվ սա, բնականաբար, կարևոր կետ է լինելու այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորների պատժման գործում»։
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ից:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ: