Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության կենտրոնի (Cenipa) մասնագետները սկսել են վերլուծել դեկտեմբերի 25-ին Ակտաուում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ինքնաթիռի սև արկղերը։
Նշվում է, որ ինքնաթիռի ձայնագրիչներից ստացված տվյալների վերծանման աշխատանքներն իրականացվում են ողբերգության հետ կապված երեք երկրների փորձագետների հետ համատեղ։ Ինքնաթիռի վթարից 38 մարդ էր զոհվել, հայտնում է Euronews-ը։
Բրազիլիայի ՌՕՈՒ-ն հայտարարել է, որ «սև արկղերի» տվյալների վերլուծությունը, որոնք պարունակում են օդաչուների խոսակցության ձայնագրություններ և տեղեկություններ օդանավի վիճակի մասին թռիչքի ողջ ընթացքում, կիրականացվի «խիստ սեղմ ժամկետում»:
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ից:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ: