ՀՀ նախկին և ներկա նախագահները, ինչպես հայտնի է, ավանդաբար հանդես են գալիս ամանորյա ուղերձներով։ Նախկին նախագահներից բացառություն են, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանը, որոնք առանձնապես չեն տոչորվում ուղերձով դիմել հայ ժողովրդին ու բարեմաղթանքներ հղել։ Իսկ այ երկրորդ և երրորդ նախագահները, նկատնենք, ուղերձներ հղելու գործում մեկը մյուսին հերթ չեն տալիս։
Այդ ուղերձները, դրանցում շարադրված բովանդակությունը, շեշտադրումներն ու բառամթերքն ընդհանրապես, լավագույնս են երևակում դրանց հեղինակների քաղաքական կոռեկտությունը, պետական մտածողության մակարդակն ու ադեկվատությունն ընդհնարապես։ Նախկին նախագահների պարագայում ուղերձները յուրօրինակ հուշաթերթիկներ են առ այն, թե արդյոք դրանց հեղինակները ունեն քաղաքական, այն է՝ իշխանությունը վերավազթելու հավակնություններ, թե՞ հաշտվել են նախկինի իրենց կարգավիճակի հետ ու որոշել են մաքրել քաղաքական դաշտն իրենցից։ Կամ, ինչպես կասեր ժողովուրդը՝ «մաքրվել»։
Բացառիկ էր (ցինիզմի տեսանկյունից) մասնավորապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ Որպես ՀՀ քաղաքացի դրան ծանոթանալուց հետո տպավորություն ստացանք, թե ՀՀԿ ղեկավարը, ավելի ճիշտ՝ նրա անունից այդ տեքստը «քերթած» սուբյեկտը (ձեռագիրը, կարծեք, տնային կալանքում գտնվող Աշոտյանինը լինի) ամանորյա ուղերձը շփոթել է նախընտրական ելույթի հետ, այլապես ինչպե՞ս կարելի էր շնորհավորական տեքստում մաղձի ու ատելության, չարության ու չարախնդության այդքան ուժեղ դոզա ապահովել։ ՀՀԿ-ի ագիտպրոպի «խազած դիսկը» միացնելով ու գործող իշխանությանը հայտնի էպիտետներով (մասնավորապես ՝ «իշխանազավթիչ») բնորոշելուց հետո երրորդ նախագահը «դիագնոզել» է՝ «նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք»։ Ապա շարունակել․ «Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։
Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի»:
2008-ին իշխանազավթման գնով, պետական ինստիտուտները ոտնակոխ անելով երկիրը 10 տարի կառավարած ու կրիտիկական վիճակի հասցրած, «ֆորպոստատիրոջ» կամակատարի կարգավիճակում երկրի պաշտպանական իմունիտետը զրոյացրած, 2018-ի ապրիլին ՀՀ քաղաքացիներին ստելով վարչապետ դարձած, 44-օրյա պատերազմը իր իսկ վարչապետ դառնալու օրը անոնսած, ապաև անփառունակ քաղաքական վախճան ունեցած՝ մերժված երրորդ նախագահը, փաստորեն, տարեվերջյան իր այս տեքստով անոնսում է իշխանափոխության նոր սեզոնի մասին։ Սեզոն, որի տեսանելի և կամ ստվերային առաջնորդը, կապիտանը, եթե կուզեք՝ գունդստաբլը լինելու է ինքը՝ իր առաջնորդած ուժի հետ մեկտեղ։ Փաստորեն, խղճի, ամոթի և մյուս վեհ բաների մասին խոսք բացած նախկին նախագահը, 2024-ի դեկտեմբերի վերջի դրությամբ արձանագրենք, չունի խիղճ, ամոթ, ու մնացած վեհ հատկությունները, այլապես աչքի անցկացնելով հանրային վստահության իր տոկոսն ու հարգելով հանրային տրամադրությունները կազդարարեր քաղաքականությունը (լավ կլիներ՝ յուր խմբակի հետ) ցկեանս լքելու ու այսպիսով ՀՀ-ում քաղաքական դաշտը առողջացնելու նպատակով առաջին քարը դնելու մասին։ Չէ՞ որ հնարավոր չէ «մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրել» հին, մերժված, հանրային աջակցություն չվայելող ու «շրջված էջ» համարվող, անհաջողությունների ու հաջողությունները խորքից մսխածի հետ ասոցացվող ֆիգուրների միջոցով։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանն էլ չի թաքցրել իր իշխանազավթողական ամբիցիաները, միայն թե բառապաշարի աղքատության պատճառով որոշել է լակոնիկ լինել։ «Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը»,-մասնավորապես մաղթել է Քոչարյանը, որի և որի կուրացիայի տակ գործող քաղաքական խումբ-խմբակների դիտարկմամբ, ինչպես հայտնի է, մեկ մարդ է սպառնում զարգացմանն ու ազգային արժանապատվությանը և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ուշադրություն դարձնենք, որ երկրորդ նախագահի անունից տարածված տեքստում գործածվել է ոչ թե «խոչընդոտները վերացնել» , այլ՝ «հեռացնել» կապակցությունը։
Հարցերի հարցն է՝արդյոք երկրորդ ու երրորդ նախագահները կկարողանան հաղթահարել ներքին մրցակցությունն ու հայտարարի գալ իշխանազավթման նոր օպերացիայի առաջնորդի հարցում, թե՞ հայտնի ասացվածքի տրամաբանությամբ երկուսով նորից կխցկվեն նույն կաթսայի մեջ՝ դրանից բխող հետևանքներով։