Սկսվել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված AZAL-ին պատկանող բրազիլական արտադրության Embraer 190 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը։
Այս մասին հայտնել են բրազիլական լրատվամիջոցները։
Վերլուծությունն իրականացնում են Բրազիլիայի ինքնաթիռների վթարների հետաքննության և կանխարգելման կենտրոնի մասնագետները։
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ից:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ: