Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհից նոր մանրամասներ են պարզ դարձել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում ազգությամբ պարսիկներ՝ Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ են կատարել։ Դրա ընթացքում Արմոնդ Ա․-ն ժամը 12։30-ի սահմաններում եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ, խախտելով հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, իրականացրել է զոդման աշխատանքներ, որի ընթացքում զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են, ինչից էլ հրդեհ է բռնկվել։
Արմոնդ Ա․-ն, Ղասեմ Հ․-ն և նույն վայրում գտնվող Երևանի բնակիչ 36-ամյա Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։