Աննա Հակոբյանը՝ զինվոր որդու՝ Աշոտ Փաշինյանի Երևանում գտնվելու մասին

Իմ որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Աշոտին բերել Երեւան եւ որքա՞ն ժամանակ հետո է վերադառնալու ԼՂ՝ իր ծառայությանը: Լրագրողը նաեւ նշել էր, թե վերջին շրջանում բուռն կերպով քննարկվում է Աշոտի տեղափոխումը Արցախից Երեւան եւ որ Արցախում վիճակը վատ է, դրա համար էլ վարչապետի որդուն բերել են Երեւան:

«Աշոտը իր մյուս ընկերների հետ միասին եկել է՝ համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների եւ Աշոտի Երեւան գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի: Ինքը, ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայությունը:

Սա միակ դեպքը չէ, դեռ 1 տարի Աշոտը պետք է ծառայի, ենթադրում եմ, որ գուցե այդ 1 տարվա ընթացքում նորից լինեն տարբեր զորամասեր, որովհետեւ դա ընդունված է: Բոլոր զինվորները մասնակցում են, սովորական երեւույթ է:

Իմ որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր: Որեւէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում որեւէ հարցում եւ նույնիսկ այս՝ Երեւան գալ վերադառնալը չի տարբերվում մյուս զինվորներից»,- ասաց Հակոբյանը:

Հարցին՝ Երեւանում եղած ժամանակ եղե՞լ է, որ Աշոտը անցկացնի տանը եւ ոչ թե զորամասում, Հակոբյանը պատասխանեց. «Ինքը ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ եւ 1 օր եղել է տանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ