Հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. վարորդի շնորհիվ կինն ու երեխան նույնպես չեն տուժել

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ 38-ամյա Գեղամ Խ.-ն, հենց վարորդն է ավտոմեքենայից դուրս բերել իր կնոջն ու անչափահաս երեխային և հենց նրա ճիշտ գործողությունների շնորհիվ է որ բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ Հայկ Գյուլումյանն ու Գնել Արամյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ