Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Հայաստանի տարբեր մարզերից, քաղաքներից ու բնակավայրերից ամենատարբեր մարդիկ են հավաքված՝ երիտասարդներ, որոնց ճակատագրերն այստեղ հատվել են, նպատակները՝ համընկել՝ դառնալ զինվորական՝ ծառայել հայրենիքին:
Տղաների կարծիքով՝ սա սերն առ հայրենիք ցույց տալու լավագույն միջոցներից մեկն է:
«Հայկական ժամանակ»-ի նկարահանող խումբը շրջել է ակադեմիայում, ծանոթացել զինվորական առօրյային, որը երբեմն այնքան էլ մեր պատկերացրածի նման չէ:
Մեր այցի պահին տղաներից շատերը, օրինակ, ոչ թե ուժային վարժություններ էին կատարում, կամ, ասենք, վազում և մարզվում, այլ լսարաններում էին՝ ֆրանսերեն, անգլերեն և այլ առարկաներ էին ուսումնասիրում:
Թեև հագեցած կրթական ծրագրին ու զինվորական կյանքին՝ ակադեմիայում ևս պատրաստվում են Նոր տարվան. տոնածառը զարդարել են, և, ինչպես իրենք են ասում, ուշի-ուշով սպասում են տարեմուտի գիշերվան, հետևում ժամսլաքի աշխատանքին՝ ճիշտ պահին երազանքներ պահելու համար:
Ապագա սպաները չեն մոռացել նաև ամանորյա շնորհավորանքների մասին, որը ներկայացված է ռեպորտաժում: