Սուրբ Ծննդյան պահքը քրիստոնյաների համար կարևոր ժամանակաշրջան է, որը սկսվում է դեկտեմբերի 29-ի երեկոյից և տևում մինչև հունվարի 5-ը։ Այն կոչված է մաքրագործելու հոգին:
Ըստ Տեր Շահե քահանայի՝ 4-րդ դարում Կյուրեղ Երուսաղեմացին, նկատելով, որ ժողովուրդը դժվարությամբ է կրում 50-օրյա պահքը, այն կրճատել է՝ թողնելով երեք պահք՝ Հիսնակաց (1 շաբաթ), Սուրբ Հակոբի (1 շաբաթ) և Սուրբ Ծննդյանը (դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը), որը ընդունված է Հայաստանում:
Սուրբ Ծննդյան պահքի ժամանակ, քրիստոնեական ավանդույթների համաձայն, սննդի սահմանափակում կա, ընդունված է միս, ձուկ, կաթնամթերք և ալկոհոլ չօգտագործել, թույլատրվում է բուսական ծագման սնունդ։ Քահանայի խոսքով՝ ցավոք, խորհրդային շրջանը փոխել է մարդկանց աշխարհայացքը, և այն վերածվել է կերուխումի։
Մե՞ղք է արդյոք պահք չպահելը, հոգևորականն ասում է. «Մենք չենք կարող ասել, որ պահք չպահողները մեղավոր մարդիկ են»:
Խոսելով հայ հասարակության շրջանում ընդունված մի մոտեցման մասին էլ, ըստ որի՝ նոր ննջեցյալ ունեցող ընտանիքները Ամանորի գիշերը այցելում են գերեզմանատուն՝ հոգևորականն ասում է՝ եկեղեցին դա սխալ է համարում: Նա հիշեցնում է, որ Սուրբ Ծննդյան հատուկ մեռելոց կա, որը կայուն օր է՝ հունվարի 7-ը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում: