Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել,որտեղ ասվում է
Կարեւոր.
Օրերս հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազին՝ որպես ՀՀ քաղաքացի, սուտ մատնության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու խնդրանքով համացանցում «Հանրային վերահսկողություն» անվամբ էջում (օգտահաշիվ) տեղ գտած մի շարք հրապարակումների առիթով, որոնց միջոցով էջի հեղինակ(ներ)ը հետեւողականորեն ակնհայտ սուտ եւ ուղղորդված տեղեկատվություն են տարածում՝ այդկերպ թիրախավորելով իմ անձն ու հանրային գործունեությունս՝ վերագրելով ակնհայտ մտացածին, կեղծ եւ շինծու, բայց եւ «քրեորեն հետապնդելի մի շարք կոռուպցիոն բնույթի»արարքներ։
Ինքս լիովին համոզված եմ այս տեղեկատվական արշավի եւ ուղղորդված թիրախավորման իրական հեղինակի (պատվիրատուի) անձի իսկության մեջ, ունեմ նաեւ անհերքելի ապացույցներ նրա եւ էջի հեղինակ(ներ)ի իրական նպատակների վերաբերյալ, սակայն կսպասեմ իրավապահ մարմինների կողմից հաղորդման պատշաճ ընթացքավորմանը։
Ամանորի տոներից հետո մտադիր եմ նաեւ դիմելու պատկան մարմիններին՝ Օրենքով սահմանված գործիքակազմերով պաշտոնապես նույնականացնելու տվյալ էջի ադմին(ներ)ին, որպեսզի հնարավոր լինի նաեւ դատական ճանապարհով վերջիններիս կանչել պատասխանատվության՝ զրպարտության եւ կեղծ մեղադրանքների կապակցությամբ, առաջադրելով նաեւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջ։
Ինքս շատ դրական եմ վերաբերվում հանրային գործունեություն ծավալող անձանց նկատմամբ թե՛ հանրային վերահսկողության, եւ թե՛ հրապարակային քննադատության պրակտիկային, սակայն ինձ համար անընդունելի է՝ առաջին հայացքից վստահություն ներշնչող անվանումով օգտահաշվի (էջի) միջոցով ակնհայտ կեղծ եւ շինծու հրապարակումներով, անհիմն եւ մտացածին, մերկապարանոց մեղադրանքներով հանրային գործիչներին թիրախավորելու փորձերը, ինչը կարող է վնաս հասցնել վերջիններիս բարի համբավին եւ գործունեությանը։
Հ.Գ. Կից ներկայացնում եմ մի քանի գրառումների օրինակներ, որոնցից շատերում անդրադարձ է կատարվել նույնիսկ մի քանի տարվա վաղեմության նյութերի, որոնցում տեղ գտած պնդումները մի քանի անգամ պաշտոնապես փաստարկված հերքվել են իմ կողմից, եւ դրանք հասանելի են համացանցի բաց աղբյուրներում, իսկ հրապարակումներից մեկում հեղինակը գերազանցել է ինքն իրեն եւ հավելյալ «հավանումներ» ստանալու (տարածում ունենալու) նպատակով ներգրավել է մի քանի տասնյակ անհայտ ծագման ֆեյք-օգտատերեր՝ բնականաբար դրանց դիմաց կենտրոնացնելով որոշակի ռեսուրսներ։
Այս ամենը խոսում է որոշակի անձի կամ անձանց շրջանակի կողմից ակնհայտորեն ծրագրված, կանխակալ, ուղղորդված կեղծ ինֆորմացիոն արշավի մասին, ինչն անխուսափելիորեն պետք է արժանանա իրավական գնահատականի։
Շնորհակալություն