Լավ կլիներ պարոն Սլուցկին ծանոթանար Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին. Սարգիս Խանդանյան

2018 թվականից մինչ օրս հնարավոր չէ մատնանշել մի քայլ, որը կարող է բնութագրվել Հայաստանի Հանրապետության կողմից իր դաշնակիցների նկատմամբ արված ոչ բարեկամական գործողություն, մինչդեռ հակառակի օրինակները բազմաթիվ են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` մեկնաբանելով ՌԴ պետդումայի Միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու վերջին հայտարարությունը։

— Պարոն Խանդանյան, ՌԴ պետդումայի Միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կատարում են արևմուտքի հանձնարարությունները՝ դիտավորյալ փորձելով վնաս հասցնել Ռուսաստանի և Բելառուսի հետ բարեկամական հարաբերություններին։ Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետը մինչ օրս փորձում է «Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը բարդել ում վրա հնարավոր է, միայն թե իր վրայից հեռացնի դրա ծանրությունը»։ Ինչպե՞ս կարձագանքեք այս պնդումներին։

— 2018 թվականից մինչ օրս հնարավոր չէ մատնանշել մի քայլ, որը կարող է բնութագրվել Հայաստանի Հանրապետության կողմից իր դաշնակիցների նկատմամբ արված ոչ բարեկամական գործողություն։ Մինչդեռ հակառակի օրինակները, ցավոք, բազմաթիվ են՝ սկսած 44-օրյա պատերազմից մինչև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիվ գործողություններով և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքով կամ, ավելի ճիշտ, արձագանքի բացակայությամբ։

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի կորստին և դրանում պատասխանատուներ փնտրելու հարցին, ապա լավ կլիներ, որ պարոն Սլուցկին ծանոթանար Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին, որոնցով Լուկաշենկոն խոստովանում է իր երկրի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերված պատերազմի նախապատրաստությանը մասնակցելու մասին։

Շարունակելով խոսել պատասխանատվության մասին՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահներն էին օժտված Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման մանդատով. մի մանդատ, որը եզրափակվեց ողբերգությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանությամբ։Հայաստանի Կառավարությունը մեր երկրի արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը, իսկ Հայաստանի իշխանություններին հանձնարարություններ տալու բացառիկ մենաշնորհով օժտված է միայն Հայաստանի ժողովուրդը, մի հանգամանք, որը, ենթադրում եմ, բավականին խորթ է պետդումայի գործընկերոջս համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ