Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան

2025 թվականին՝ կանաչ օձի գալստին, հաշված ժամեր են մնացել։ Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ սոցցանցերի իրենց էջերում ամփոփում են 2024 թվականին իրենց հետ պատահած լավ ու վատ իրադարձությունները։

Դերասանուհի Իննա Խոջամիրյանի համար, օրինակ, 2024 թվականը բուռն տարի է եղել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասում է՝ այն իր համար նաև բացարձակ պատասխանատվության տարի էր։

«Այն տարին էր, որ այն, ինչ արել ենք ու ինչին արժանի էինք, ամբողջը վերադարձվեց մեզ, ու մեծ հաշվով 2020 թվականից հետո այս տարի առաջին տարին էր, որ արթնացա, որովհետև դրանից հետո տանը տոնածառ չէինք դնում, ես էլ երկրում չէի լինում։ 2025 թվականի շեմին հասկանում եմ, որ պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանքներ պահել, շամպայն խմել գիշերը 12-ին։ Զգում եմ նաև, որ քաղաքում էլ տոնական բարձր տրամադրություն կա»,- ասում է նա։

Վերջինս նաև կիսվում է իր և քրոջ ամանորյա հետաքրքիր ավանդույթով․ «Ես ու քուրս դեկտեմբերի 30-ին ցանկությունների ցուցակ ենք գրում ու խորը պահում ենք ինչ-որ մի տեղ ու միշտ մոռանում ենք, թե ինչ ենք գրել, բայց չենք էլ բացում տետրը, որ տեսնենք։ Հիմա 2024 թվականին ստացվել է, որ ցանկություններիս մեծ մասը կատարվել են։ Երևի նրանում է ուժը, որ միշտ տարվա սկզբում մոռանում եմ, թե ինչ եմ ցանկացել ու գրել»։

Իննան 2025 թվականին առաջնորդվելու է հետևյալ կարգախոսով․ «Կարողանալ ապրել հիմա, որովհետև յուրաքանչյուր տարի յուրահատուկ է իր տեսակի մեջ, ամենահրաշալին կյանքում այն է, որ ոչ մի օրը չի կրկնվում։ 2025-ին պետք է լավագույնս սովորեմ ապրել ներկայի մեջ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ