6-օրը՝ 1 մլն 850 հազար դրամ. ինչ արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում գործող տարբեր հանգստյան համալիրներում

Ամանորը մարդիկ տարբեր կերպ են տոնում: Նրանցից շատերը նախընտրում են այն դիմավորել տանը՝ առատ սեղանների շուրջ, շատերն էլ սիրում են մտերիմներով, ընկերներով երեկոն անցկացնել տարբեր ռեստորանային և հյուրանոցային համալիրներում, այդ թվում՝ մայրաքաղաքից հեռու:

«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀՀ տարբեր մարզերում գտնվող ժամանցի համալիրներ՝ հասկանալու՝ ինչ են առաջարկում նրանք և ինչ արժեքներով:

Օրինակ՝ «Jermuk hotel and SPA» հյուրանոցում առաջարկում են ամանորյա փաթեթներ երկու անձի համար՝ 750 հազար դրամից սկսած: Գնային տարբերությունները կախված են առաջարկվող ծառայություններից։

Սենյակների արժեքը մեկ օրվա համար երկու անձի դեպքում սկսվում է 55 հազար դրամից, լյուքս համարները 100 հազար կամ 110 հազար դրամ արժողությամբ են:

«Համարները, ըստ արժեքի, տարբեր բաներ են ներառում։ Իրականացնելու ենք ամանորյա միջոցառումներ, սպասվում է ուրախ ժամանց, տոնական ընթրիք և զվարճալի ծրագրեր, երեկոյի համար նույնպես հետաքրքիր միջոցառումներ ունենք պատրաստած մեր հյուրերի համար։ Կա նաև բժշկի հետ խորհրդատվություն, եթե ցանկանում են այդ ծառայություններից ևս օգտվել»,- մեզ հետ զրույցում մանրամասնեցին հյուրանոցից:

Վանաձորում գործող «Լոռի» հանգստյան տանը 1 անձի արժեքը կազմում է 120 հազար դրամ։ Հանգստյան սրահից տեղեկացրին, որ փաթեթը ներառում է ամանորյա գալա ընթրիք, տոնական նախաճաշ, տոնական ընթրիք, մուլտհերոսներ, բիլիարդ։ Ընդ որում՝ այստեղ 0-5 տարեկան երեխաների մուտքը անվճար է, սակայն 5-10 տարեկան երեխաների հետ մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել մեկ հոգու համար 60 հազար դրամ։

Ծաղկաձորում տարբեր քոթեջներ կան, օրինակ՝ «Ալյասկա ռեզորթ»-ը առաջարկում է ամանորյա տարբեր փաթեթներ, որոնց գները համեմատաբար բարձր արժեք ունեն։ Ամանորյա 6-օրյա փաթեթը 1 միլիոն 850 հազար դրամ է, որը ներառում է ընդամենը 3-անգամյա սնունդ 6 օրվա համար և Նոր տարվա միջոցառում։ Կա նաև ընտանեկան սենյակի տարբերակ, որն արժե 680 հազար դրամ: Համեմատաբար ավելի մատչելի արժեք այստեղ ունեն երկտեղանի սենյակները՝ 6 օրվա համար՝ 490 հազար դրամ, 3 օրվա համար՝ 380 հազար դրամ։

«Դիլիժանս» հանգստյանն տունն էլ առաջարկում է 5-օրյա ամանորյա փաթեթ՝ 1 անձը՝ 110 հազար դրամ արժեքով։ Այն ներառում է այդ օրերի նախաճաշը, ճաշը, ընթրիքը, գալա ընթրիքը, Ամանորի երեկոյի սնունդը։

Տավուշի մարզի Ենոքավանի «Լաստիվեր» հյուրանոցն առաջարկում է ամանորյա տարբեր փաթեթներ, օրինակ՝ 5-օրյա փաթեթի համար ընտանեկան համարի արժեքը կազմում է 700 հազար դրամ, այն նախատեսված է 1-4 անձի համար։ Այստեղ համեմատաբար մատչելի տարբերակը սկսվում է 300 հազար դրամից՝ դասական սենյակ է, 1-2 անձի համար նախատեսված։

Ընդ որում՝ վճարովի է նաև երեխաների մուտքը․ մինչև 6 տարեկան երեխան՝ անվճար, 6-12 տարեկան երեխան՝ 1 օրը՝ 10 հազար դրամ, 12 տարեկանից բարձր երեխան՝ 1 օրը՝ 20 հազար դրամ։ Վճարված գումարի մեջ մտնում են ամանորյա ընթրիքը, նվերներ՝ նախատեսված երեխաների համար, նախաճաշ, բացօթյա տաքացվող լողավազան, բաց և փակ ջակուզիներ, արևելյան շոգեբաղնիք և ռուսական շոգեբաղնիքներ:

Ամանորը «Պարկ Ռեզորթ» Աղվերան հյուրանոցում տոնելու համար պետք է ունենալ նվազագույնը 360 հազար. սա կոմֆորտ համարն է, առանց երեխաների։ Առաջարկվում է ամանորյա գալա ընթրիք, տոնական ծրագիր, անակնկալ նվերներ, BBQ և գլինտվեյն խարույկի շուրջ, ավանդական անուշահամ խաշ։

Տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ առաջարկվող ծառայություններն ու գնային արժեքները ձևավորվել են ժամանակի ընթացքում: Տարիներ շարունակ Հայաստանի հիմնական ուղղությունները՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ, եղել են և կան մարդկանց ցանկալի վայրերը Ամանորը նշելու համար:

«Արժեքները ձևավորված ավանդույթ են։ Մարդիկ ի սկզբանե ընտրեցին այդ փաթեթները, դա է պատճառը նաև, որ մեծ արժեքով հյուրանոցները երբևէ խնդիր չեն ունեցել կամ ունենում, և իրենց առաջարկած փաթեթները մշտապես սպառվում են»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ այստեղ պետք է արդար լինել և փաստել՝ եթե կա առաջարկ, ուրեմն կա նաև պահանջարկ։ Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք սիրում են թանկ հանգիստը և օգտվում դրանից։

«Հյուրատնային բիզնեսներ էլ կան մարզերում, մի քանի տարի շարունակ դրանք միջինից բարձր արժեք ունեին, և մասնագետները ոլորտի ներկայացուցիչներին խորհուրդներ տվեցին, որ դա ձեռնտու չէ, պատասխանատվություն է պետք ունենալ, հասկանալ, որ հյուրատները ոչ միայն զբոսաշրջիկների համար են, այլ նաև՝ տեղացիների»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ վերջինս կարևորում է, որ մատուցվող ծառայությունների կողքին Հայաստանում որակը միշտ բարձր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ