«Վերջին ժամանակերում ամեն տարի ինչ-որ անցած ժամանակշրջան հետ է գալիս՝ լավ մոռացված հինը: Օրինակ 2024-ին դա բոհո ուղղությունն էր՝ հիմնականում 60-70-ականների ոճը, 2025-ին փոխարինելու է գալիս 1990-2000 թթ-երին շատ ակտուալ համարված ջինսի ժամանակաշրջանը, այդ թվում՝ ջինսե կտորների տարբեր համադրություններով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է դիզայներ Արամ Նիկոլյանը:
Գույներ, կտորներ, ոճեր ու միտումներ. ինչո՞վ աչքի կընկնի օձի տարվա՝ 2025-ի նորաձևությունը, ինչ կպարտադրի կրել ու ինչի մասին կհորդորի պարզապես մոռանալ:
Pantone Color Institute-ը՝ Գույնի ամերիկյան ինստիտուտը 2025 թվականի գլխավոր գույն է ընտրել շագանակագույնի երանգներից մեկը՝ շոկոլադե «մոկկա մուսս»-ը (Mocha Mousse):
«Նրբաճաշակ և հարուստ, բայց միևնույն ժամանակ անգերազանցելի դասական երանգ», — ասել է Pantone-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը: «Մոկկա մուս» երանգը, ըստ նրա, ընդլայնում է շագանակագույն երանգների ընկալումը «համեստից և հողեղենից մինչև հավակնոտ և շքեղ»:
Անդրադառնալով տարվա գույնի ընտրությանը՝ Արամ Նիկոլյանը նշում է.«Բազային գույն է համարվում, թեև Pantone-նն ամեն տարվա մեջ ֆիքսում է ինչ-որ գույն և նորաձևության մեջ այդ գույնը կարող է դոմինանտ լինել, թրենդային համարվել, բայց չի նշանակում , որ դիզայները պետք է պարտադիր օգտագործի այն ու պետք է նրան անպայման դուր գա: Ինձ որպես գույն դուրս է գալիս»:
Ինչ վերաբերում է թրենդային այլ գույներին, մեր զրուցակիցը նշեց, որ ակտուալ են լինելու բոլոր այն գույները, որոնք լավ են համադրվում շոկոլադե «մոկկա մուսս» երանգի հետ.«Անկախ ամեն ինչից շատ դիզայներներ հաշվի են նստելու տարվա գույնի հետ ու հագուստում գունային լուծումները որոշակի միտումներով են տալու»:
Ըստ Նիկոլյանի նաև շատ թրենդային ու դոմինանտ են կանաչի ու «բորդո»-ի տարատեսակ երանգները.«Առահասարակ, նորաձևության մեջ միշտ սխալ է ասել, որ ինչ-որ մի գույնն է նորաձև, որովհետև կախված թեմաներից, ամեն թեմա ունի իր գունապնակը, ու հաճախ այդ հարցին պատասխանում եմ՝ միշտ նորաձև են աշխարհի բոլոր գույները՝ նայած ոնց է համադրվում, գույների ինչ բաշխում է կատարվում»:
2025-ի համար Արամ Նիկոլյանը կանանց առաջարկում զգեստապահարանին վերադարձնել կանացիությունը. «Եթե կար ժամանակ, որ օվերսայզը, չափից մեծ, առանց համաչափությունների հագուստը շատ ակտուալ և նորաձև էր համարվում, հիմա այս միտումը կամաց-կամաց իր տեղը զիջում է, ու առաջին պլան մղվում է կանացիությունը, նորաձևության մեջ ամենակարևոր ուղերձներից մեկը 2025-ին լինելու է կանացիության ճիշտ «չափաբաժին» ընտրելը»:
Ի դեպ, ըստ դիզայների, տղամարդկանց զգեստապահարանի վրա վերջին շրջանում շատ մեծ է կանացի զգեստապահարանի ազդեցությունը, ու այս միտումը դեռ շարունակվում է.«Կանանց պահարանին հատուկ ինչ-որ դետալներ, գույներ, դեռ շարունակվում են տեղափոխեվել տղամարդկանց զգեստապահարան, ինչն ինձ համար այդքան էլ ընդունելի չէ: Ինչպես կանանց զգեստապահարանում կարևորում եմ կանացիությունը, նույն ձևով էլ տղամարդու զգեստապահարանում՝ առնականությունը, խստությունը»:
«Վերջին շրջանում գրեթե անհնար է դարձել անգամ մաս մարկետում տարանջատել տղամարդու կամ կանացի հագուստների տեսակները. նույնատիպ լայն տաբատներն են, որոնք բոլորին անսեռ ու անդեմ են դարձնում՝ սկսած գույներից: Եթե նայեք շատ ընդգծված գույներ՝ վառ վարդագույն, նեոնային գույներ հազվադեպ կարող էինք տեսնել տղամարդկանց կերպարում կամ բացառիկ մարդկանց զգեստապահարանում էր, հիմա դրանք ավելի հաճախ կարելի է հանդիպել:
Նիկոլյանի խոսքով, տղամարդկանց է հասել նաև կերպարում ժանյակների օգտագործումը, համարձակ բացվածքներով և տարատեսակ ձևվածքներով հագուստը:
Մեր զրուցակցի խոսքով՝ 2025-ին փայլուն կտորները կշարունակեն ակտուալ լինել. «Այս ձմեռվա ընթացքում նաև շատ նորաձև են փետուրային գործվածքները, նաև անգորա տեսակի թելով մորթի հիշեցնող գործվածքները, առհասարակ, հաստ գործածքները վերադարձել են, ինչն ինձ շատ դուր է գալիս, թե՛ ֆունկցիոնալության տեսանկյունից, և թե՛ վիզուալ, կարծես դրանց մեջ ինչ-որ ջերմություն կա: Հատկապես շատ ակտուալ են այս գործվածքներից կարված սվիտերները, դրանք այս սեզոնի թրենդն են»:
Եթե անցնող տարում շատ ավելի ակտուալ էին ասիմետրիկ ձևվածքները և դեկոնստրուկտիվիզմն էլ որպես ուղղություն բրենդները հաջող կիրառեցին, ապա այս տարի, մեր զրուցակցի խոսքով, նորաձևություն կվերադառնան դասական կտրվածքները.«Այսինքն՝ ամեն ինչն իր տեղում է լինելու, ցանկալի է մարմինը ընդգծել հստակ ձևվածքներով: Եթե կար ժամանակ, որ նախընտրել էին ավելի ընդգծած՝ լայն ուսերը, հիմա ամեն ինչը պետք է լինի ճիշտ չափով, ճիշտ տեղով, ճիշտ ուրվագծով, ոչ մեծ, ոչ փոքր,ոչ շատ նեղ, ոչ շատ լայն՝ ինչպես ոլորտում են ասում՝ ակտուալ է «միջին ռեգուլյար ֆիթը»»:
Ինչ վերաբերում է այդքան տարածված կենդանական պրինտներին, այս տարի դրանք էկզոտիկ բնությունից «կտեղափոխվեն» մեզ ավելի քան մոտ.«Կենդանական պրինտներն այս տարի պահպանվելու են, բայց եթե անցած սեզոնին ավելի թրենդային էր օրինակ լեոպարդի պրինտը՝ հիմնականում բնության մեջ չհանդիպող ոչ ստանդարտ գունային գամաներով, ապա այս տարի դոմինանտ է լինելու չզարմանաք, կովերի՝ հատկապես ցեղական կովերի վրա հանդիպող մորթու պրինտը՝ հիմնականում սպիտակի և շագանակագույնի տարբեր երանգներով»: