Կորեայի Հանրապետության իշխանությունները Մուանի օդանավակայանում հայտնաբերել են Jeju Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի սև արկղերը։ Yonhap News-ի փոխանցմամբ՝ սարքերից մեկը գրանցում է թռիչքի տվյալները, իսկ երկրորդը՝ օդաչուների խցիկում խոսակցությունները։
Նշենք՝ զոհերի թիվը հասել է 177-ի։ Օդանավում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. ավելի վաղ հաղորդվում էր 120 զոհի մասին: Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։
Կորեական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է խոշոր հրդեհը, որը բռնկվել է բախումից անմիջապես հետո: Կրակի մեջ այրված ինքնաթիռը երկու մասի է բաժանվել. դեպքից անմիջապես հետո հրշեջ-փրկարարները սկսել են փրկարարական աշխատանքները։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի քաղաքացիներ են, ևս երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր կորցնել կառավարումը թռչունների հետ բախվելու պատճառով։