Նորատուսի «Միջազգային ռադիոցանցի» բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ Կառավարությանը

Նորատուսի «Միջազգային ռադիոցանցի» բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ ԲՏԱ նախարարությանը, հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում 1965թ. հիմնվեց ռադիոհեռարձակման նոր կայան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ռադիոհեռարձակման նոր կայանին շնորհվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։ 2008-ից ընկերությունը հայտնվել է մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում, սակայն գնորդ չլինելու պատճառով գույքը չէր օտարվում։ Միայն 2010-ին դեկտեմբերի 2-ի Կառավարության որոշմամբ «Ռադիո» ՓԲԸ-ն ուղղակի վաճառքի տեսքով մասնավորեցվել է «ԵվրոՊրեսս գրուպ» ՍՊԸ-ին։ Վաճառքի գինը կազմել է ավելի քան 587մլն ՀՀ դրամ։ Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպրեսս գրուպը» վաճառել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին։

Այսօր Կառավարության որոշմամբ «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող միջոցներով և ընկերության տեխնիկական անձնակազմի ջանքերով տրամադրում է ռադիոհեռարձակման կարճ և միջին երկարությունների ալիքի հեռահաղորդակցության ծառայություններ: Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝

• ՀՀ և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանը

• Հյուսիսային Կովկասը, ՌԴ հարավային շրջանները

• Ամբողջ Եվրոպան

• Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Փոքր Ասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Կորեան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ