«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը «Արմենպրես»-ի հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում խոսել է 2024 թվականի ընթացքում միության գործունեության, հայ փախստականության հիմնախնդիրների և առաջիկա ծրագրերի մասին։
-Պարոն Գաբրիելյան, անցնող տարվա ընթացքում փախստականության հիմնախնդիրը շարունակեց մնալ ընթացիկ համաշխարհային քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասը՝ կապված աշխարհում փախստականական նորանոր զանգվածների առաջացման հետ։ Այս համատեքստում ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը անցյալի և ներկայի փախստականության խնդրի կապակցությամբ։
— Այո՛, աշխարհը շարունակում է մնալ փախստականական ճգնաժամի մեջ, որի վկայությունն է պատերազմների, ռազմական գործողությունների, քաղաքացիական բախումների հետևանքով տեղահանված անձանց հսկայական թվաքանակը։ Փախստականության առաջացումն իր հետ բերում է իրավունքների և կյանքի նվազագույն պայմանների ապահովման դժվարությունների փաթեթներ, որոնք ոչ միայն ընդունող երկրի ուսերին են դրվում, այլև միջազգային հանրության պատասխանատվությանը։ Եվ եթե ընդունող երկրները հումանիզմի և միջազգային պարտավորությունների հիմքով այլ ելք չեն ունենում, քան հոգալ տեղահանված անձանց ապահովության և իրավունքների պաշտպանության խնդիրները, ապա այսօր խիստ թեական է միջազգային հանրության և միջազգային իրավարարության պատասխանատվության իրականացման խնդիրը։ Այս առումով խնդիրը ամենևին նոր չէ, պարզապես սրված միջազգային քաղաքական իրավիճակներում նախկինում առաջացած բացերն էլ ավելի սուր կերպով են ընդգծվում։ Թեև դեռևս նախորդ դարի կեսերին միջազգային իրավունքը կարողացավ հասնել այնպիսի կարևորագույն փաստաթղթերի ընդունմանը, ինչպես, օրինակ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան», «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն» են, այնուհանդերձ թե՛ ցեղասպանությունների կանխարգելումը, թե՛ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում են խոցելի մնալ դրանց վերահսկողության մեխանիզմների անկատարության պատճառով։
— Միջազգային կոնվենցիաների և դրանց վերահսկման և խախտումների արձանագրման կամ պատասխանատվության ենթարկման խնդրին հայ փախստականությունը ևս քանիցս առերեսվել է։ Այս առումով ո՞րն է Ձեր գլխավորած միության որդեգրած մոտեցումը։
— Հայ փախստականության խնդիրը մեր տարածաշրջանում ամենևին նոր չէ։ Դեռևս նախորդ դարի սկզբից հայության տարբեր զանգվածներ շարունակաբար և փուլային կերպով առերեսվել են բռնի տեղահանության և էթնիկ զտման երևույթին, որի հետևանքով հայության բնակության արեալը շարունակաբար կրճատվել է՝ հանգեցնելով կորսված բնակավայրերում հայկական մշակութային միջավայրի ոչնչացմանը։ Դեռևս 1905-1906 թթ․ սկսած նախկին Ռուսական կայսրության Կովկասյան նահանգներում հայությունը դարձավ նոր-նոր ձևավորվող կովկասյան թաթարական ազգայնականության թիրախը, որի արդյունքը եղան բազմաթիվ հրկիզված, հայաթափված, թալանված գյուղեր, քաղաքային թաղամասեր, կրոնական համալիրների, եկեղեցիների պղծումներ։ Նման գործողություններն էլ ավելի ինստիտուցիոնալ բնույթ ստացան 1918-1920 թթ․, երբ մենք արդեն գործ ունենք ոչ թե ավազակախմբային հարձակումների, այլ պետական քաղաքականության հետ՝ միտված շատ ավելի ծավալային գործողությունների, ինչպես, օրինակ, 1918 թ․ Բաքվի 30 հազար հայության կոտորածը, 1920 թ․ Շուշիի հայության կոտորածը և բռնի տեղահանումը, 1918-1920 թթ․ Նախիջևանի հայաթափումը, Նուխիի, Արեշի հայության կոտորածները և բազմաթիվ այլ տեղական դրվագներ, որոնք փաստաթղթավորված են արխիվային գործերով և վկայություններով։ Սակայն, խոսելով XX դարի առաջին կեսի իրողությունների մասին, հաշվի առնելով ժամանակի իրավական համակարգի թերզարգացվածությունը, դժվար է ձևակերպել մեծ ակնկալիքներ։ Մինչդեռ երբ խոսք է գնում 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության կոտորածների, էթնիկ զտումների, բռնի տեղահնամն, էթնոցիդի մասին, հարկ է վերհիշել, որ արդեն իսկ ընդունված էին միջազգային իրավապաշտպան փաստաթղթեր, որոնց հիմքով միանշանակ կարելի է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և հայկական ու հայաբնակ մյուս բոլոր շրջաններում տեղի ունեցած կոտորածները բնութագրել որպես կանխամտածված և ուղղորդված ցեղասպանություն՝ ռասիզմի և այլատյացության բարձրագույն դրսևորումների ուղեկցությամբ։ Մեր միությունն իր գործունեության առանցքում դրել է հայ փախստականության խնդիրների միջազգայնացման հայեցակարգը։
— Անցնող տարվա ընթացքում ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ։
— Անցնող տարին նշանավորվել է մեր միության ակտիվ գործունեությամբ ինչպես արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանի ներսում։ Որպես «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ մասնակցել եմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված Մարդկային հարթության II, III, IV կոնֆերանսներին։ IV կոնֆերանսի շրջանակներում միության համակազմակերպմամբ տեղի է ունեցել փախստականության իրավունքների և առկա խնդիրների բարձրաձայնման միջոցառում (side event)։ Միության կողմից հայ փախստականության պահանջներն արտահայտող 3 նամակներ հրապարակվել են որպես ՄԱԿ պաշտոնական փաստաթղթեր։ Միությունն ակտիվորեն համակազմակերպել և մասնակցել է նաև ԵՊՀ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի պատմության թանգարանի միջոցառումներին և գիտաժողովներին՝ թեմատիկ զեկուցումներով։ Մենք մեր խնդիրները բարձրայնել ենք նաև Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպել և համագործակցության շուրջ զրույց ենք ունեցել ԱՄՆ-ի Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջի հետ։ Գիտական միջոցառումների շրջանակներում կապեր են հաստատվել նաև Վրաստանի մի շարք ինստիտուտների հետ: Հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ պաշտոնյաների՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հետ։ Գործարկվել է մեր միության գործունեության վերաբերյալ http://armrefugees.am/ կայքը։ Միությունը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով և կոչերով։ Հրապարակվել են պատմական ակնարկներ ինչպես ադրբեջանական վանդալիզմի, այնպես էլ այսօր հայաթափված հայկական գյուղերի պատմության, դրանց մշակութային միջավայրի հուշարձանների վերաբերյալ։
— Նման աշխատանքներից հետո ի՞նչ ուղղություններով է պատրաստվում համահայկական միությունը շարունակել իր գործունեությունը հաջորդ տարի։
-Անշուշտ, մեր միությունը շարունակելու է հավատարիմ մնալ այն առաքելությանը, որի համար ստեղծվել է՝ նպաստել 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության իրավունքների վերականգնման ուղղությամբ պայքարին, միջազգային հանրության շրջանում մեր խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և արդար լուծումներ պահանջելուն։ Եվ այս նպատակով մենք նպատակադիր ենք մեր գործունեությունն արտերկրում կառուցել ամուր հիմքերի վրա։
Հաջորդ տարի նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակները արտերկրում՝ ամրապնդելով համագործակցությունը հայ համայնքների հետ և ստեղծելով միջազգային աջակցություն ներգրավող նոր պլատֆորմներ։ Մենք կկենտրոնանանք համաշխարհային ազդեցիկ կառույցների, ինչպես նաև մարդու իրավունքների և փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների հետ կապերի սերտացման վրա։
Հատուկ ուշադրություն ենք դարձնելու միջազգային մեդիա ոլորտին՝ ներկայացնելով մեր պատմական և արդի խնդիրները աշխարհին օբյեկտիվ և փաստերով հարուստ նյութերով։ Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտաժողովներ և ֆորումներ, որտեղ կխոսվի ոչ միայն անցյալի, այլև հայության ներկայիս մարտահրավերների մասին՝ նպատակ ունենալով ձևավորել միջազգային օրակարգում հայության հիմնախնդիրներին լուծումներ գտնելու հարցը։
Համահայկական միության համար հատկապես կարևոր է արտերկրում երիտասարդ սերնդի ներգրավումը՝ սփյուռքի ապագա առաջնորդների պատրաստման և նրանց գիտակցության բարձրացման նպատակով։