Ուսուցիչներս հույս ունեին, որ ես գրող կդառնայի, բանաստեղծություններ ունեի, ամաչելով տալիս էի, կարդում էին, գովում էին:
Դաս-դպրոցին զուգահեռ քայլերը Լեոնիդին Լենինականի Շինարարների պալատ՝ դերասան Խաչիկ Ասատրյանի թատերական խումբ տարան: Բռնած ճանապարհը շարունակվեց թատերական ստուդիայում և 1968-ին գյումրեցի տղան դպրոցն ավարտելուց հետո հասավ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ:
«Մի տարի ձայնիս պատճառով չընդունվեցի, դպրոցական տարիներին ձայնս լա՜վ հոգնեցրել էի, բայց արդեն 68-ին ես կարողացա դառնալ ուսանող: Մի պիես գրեցի, բեմադրեցի և ամբիոնն առաջարկեց, որ դերասանականի համար ձայնս խանգարում է, ավելի լավ է տեղափոխվեմ ռեժիսորական բաժին: Համաձայնեցի:Դա հրաշք էր այդ տարիներին: 4-5 հոգի էին ռեժիսորական բաժնում ընդունում և նախապես գիտեին էլ, թե ովքեր են լինելու»:
Լեոնիդ Հարությունյանն այսպես է սկսել ռեժիսորի իր ուղին: Երիտասարդության տարիներն, ասում է, ամենավճռականներն էին կյանքում, երբ ինքնուրույն որոշումներ էր կայացնում ու գնում դրանց հետևից առանց երկմտանքի:
Ինչպես Լեոնիդը Գյումրիից հասավ Արցախ ու դարձավ նրա մի մասնիկը
Գյումրու տիկնիկային թատրոնն իմ դիպլոմային աշխատանքի առաջին թատրոնն է, 1974 թիվն էր:
Մտքերը Լեոնիդին հասցնում են երիտասարդություն, տանում Լենինականի Մռավյանի անվան թատրոն (այժմ՝ Վարդան Աճեմյանի-խմբ), այնտեղից էլ՝ բանակ: Զորացրվելուց հետո՝ 1975-ին հրավիրվեց Արցախ: Երկար մտածելու ժամանակ չունեցավ, ասում է՝ կամ էլ չուզեց մտածել չգնալու մասին:
Երիտասարդ Լեոնիդն Արցախ գնաց ընտանիքի և Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումն ավարտած 12 ուսանողների հետ:
«Երկար ժամանակ այնտեղ երիտասարդություն չկար, մենք առաջիններից էինք, որ մտանք ու Ստեփանակերտի թատրոնը ծաղկում ապրեց: Իրենք էլ էին դա միշտ խոստովանում: Ես ուսանեցի Լենինգրադում, բայց վերադարձա Ստեփանակերտ, դարձա գլխավոր ռեժիսոր, տնօրեն ու գոհ էի, ստեղծագործում էի»:
1988-ի աղետն ու ղարաբաղյան շարժումը Լեոնիդին կրկին ծննդավայր՝ Գյումրի հասցրին: Աղետը նաև նրա հարազատներին խլեց: Երբ փոքր-ինչ վերագտավ իրեն, կրկին քայլեց դեպի Գյումրու տիկնիկային թատրոն և մինչև 1995 թվականը մնաց այնտեղ: 95-ին արդեն Լեոնիդը կրկին Արցախում էր:
«Իմ կապը Գյումրու տիկինիկային հետ միշտ եղել է, հրավիրվելուց հետո ես 2-3 ներկայացում նվերա ստացա այդ թատրոնից, հետս տարա Արցախ և այնտեղ բեմադրեցի»,- ասում է նա:
Լեոնիդն ասում է՝ Արցախի հանդիսատեսը մեծ սեր, նվիրված ու գողտրիկ վերաբերմունք ուներ դեպի թատրոնը:
Եթե Գիշի գյուղում մեր ներկայացումը հաջողվում էր, ուրեմն բարձր մակարդակի ներկայացում էր
«40 տարի ես այնտեղ ապրել ու աշխատել եմ ու միայն լավը կարող եմ ասել: Չտեսնված, նուրբ, գիտակից: Եթե Գիշի գյուղում մեր ներկայացումը հաջողվում էր, ուրեմն դա բարձր մակարդակի ներկայացում էր: Հադրութը չափանիշ էր: Հանդիսատեսը յուրահատուկ խելացի, դատող ու գրագետ էր: Էն ամենահեռավոր գյուղում էնպիսի մարդիկ, հանդիսատես էր հանդիպում, որ մնում էիր ապշած: Բնատուր խելացի ժողովուրդ՝ նվիրված իր հողին»:
Կյանքը Շուշիում հեքիաթի էր նման. անավարտ հեքիաթ բերդաքաղաքը
2007-ին Լեոնիդը մտադիր է եղել վերադառնալ Հայաստան, սակայն առաջարկել են Ստեփանակերտից գնալ Շուշի և նոր թատրոն հիմնել:
Գնացել, արդեն գործող 3 թատրոնները միավորել, հիմնադրել է «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը: Ասում է՝ թատրոնը և մարդիկ իրեն պահեցին Շուշիում, մնաց, ստեղծագործեց ու կապվեց բնությանն ու միջավայրին:
«Երբեք, վատ երազում անգամ չէի մտածի, որ կթողնենք Շուշին: Ես ինձ այնտեղ էի տեսնում: Որ մարդիկ գնում էին, ես նրանց ասում էի՝ իզուր եք գնում, սա ամենաապահով տեղն է: Ու ես մնացի աղջկաս հետ մինչև վերջին օրը: Կյանքը Շուշիում հեքիաթի էր նման, բայց Շուշիի հեքիաթն անավարտ մնաց»:
Լեոնիդը պատմում է, որ մեկ-երկու անգամ ավտոբուսն եկել, ցանկություն ունեցողներին հասցրել է Ստեփանակերտ, աղջիկը, սակայն, ընդդիմացել, չի ցանկացել հեռանալ: Հայր ու դուստր բոլորին ճանապարհել ու սպասել են նրանց տունդարձի ճամփին: Ասում է՝ դուստրը հեռանալ չէր ուզում, ինքն էլ աղջկան մենակ թողնել չէր կարող:
Ու մնացին:
Այդ օրերին այլ բան չի եղել անելու: Գնացել, ռմբակոծված թատրոնի շենքում անվնաս մնացած իրերը, դեկորներն ու հագուստներն իր չավերված աշխատասենյակ ու ավելի ապահով տարածք է տեղափոխվել, որ երբ ամեն ինչ հանդարտվի, կրկին կարողանան հունի մեջ ընկնել, անցնել գործի:
«Հոկտեմբերի 31-ն էր, իջա քաղաքապետարան, մարդ չկար, զանգեցի քաղաքապետին, ասացի պարոն Սարգսյան ես ու աղջիկս մնացել ենք, կարո՞ղ է մեքենա լինի, մենք էլ երևի դուրս գանք այստեղից: Ասեց պարոն Հարությունյան այլևս դա հնարավոր չէ, Շուշի մտնող ու դուրս եկող մեքենաներ չկան, նույնիսկ Ստեփանակերտ տեղափոխվելն այլևս հնարավոր չէ»:
Հաճախ է Լեոնիդը գնացել ռմբակոծված թատրոն, շրջել շենքում, բացել աշխատասենյակի դուռն ու երկար մտորել իր կյանքի, տեղի ունեցածի, իրեն ու դստերը սպասվող կյանքի մասին: Վստահ է եղել, որ մղձավանջը շուտով ավարտվելու է, հեռացածները վերադառնալու են:
«Մի անգամ երբ գնացի թատրոն, ուզեցի ներս մտնեմ՝ տեսա բանալին մոռացել եմ: Մոտիկ մի շենքում եղբայրներ կային, մեկ էլ իրենք էին մնացել, գնացի իրենց մոտ, տղաներից մեկը քիչ հետո եկավ թե՝ գիտեք, թատրոնի շենքը էլի ռմբակոծվեց: Երբ դուրս եկանք, տեսանք, որ իմ աշխատասենյակն այլևս չկա: Սա հրաշք էր, որ ես բանալի չունեի ու ներս չէի մտել, այլապես հիմա չէի լինի»,- պատմում է Հարությունյանը:
Մի մեքենա եկավ, վրան գրված PRESS. ով փրկեց ռեժիսորին ու դստերը
Հաջորդ օրը Լեոնիդը կրկին քայլել է դատարկված Շուշիի փողոցներով, մտել շենքերի նկուղներ, որ տեսնի՝ հո մարդիկ չկա՞ն մնացած:
«Մեկ էլ դիմացից մի մեքենա եկավ, վրան գրված՝ PRESS: Տղան զինվորական հագուստով էր: Բարևեց, ասաց՝ հորեղբայր Ֆրանսիայից ժուռնալիստներ էի բերել, հիմա ինձ մոտ սնունդ կա, ուզում եմ ձեզ տամ, չե՞ք նեղանա: Ասի տղաս, ամեն ինչ էլ ունեմ, բայց ես ու աղջիկս մնացել ենք: Եթե գաս, համոզենք, որ դուրս գա, խնդրում եմ մեզ հետդ տար Երևան:
Ասեց՝ գնանք: Աղջիկս էլի դիմադրում էր: Զինվորական հագուստով այդ տղան ասաց՝ 3 րոպե ժամանակ եմ տալիս, եթե գալու եք՝ եկեք, եթե ոչ՝ ես գնալու եմ: Ու 4 կողմը ռմբակոծություն էր: Զոռով, մի կերպ աղջկաս դուրս հրելով, հագի խալաթով ու հողաթափերով, ես էլ՝ ինչ հագիս կար, դուրս եկանք, դուռը փակեցինք ու հեռացանք: Շուշիից երբ դուրս եկանք՝ նոր զգացի, թե մենք ինչի մեջ էինք: Չորս կողմում գնդակներ էին սուրում, մեքենան շատ արագ էր գնում, աջից անդունդ էր, ձախից՝ Շուշիի ժայռապատը:
Ու քար լռությամբ, ամեն մեկս զգալով վտանգը այլևս ոչինչ չասացինք: Երբ դուրս եկանք Երևան տանող ճանապարհ, նոր խորը շունչ քաշեցինք: Անհավատալի էր, բայց փրկված էինք: Վերջում պարզվեց, որ այդ տղան ԱԳՆ-ի թարգմանիչ-վարորդն է, ծնունդով Գյումրիից: Ոնց որ Աստված նրան ուղարկած լիներ մեզ համար»:
Երկու տեղում կարող եմ ապրել՝ կամ Գյումրիում, կամ՝ Շուշիում
Այս պահին հստակ անելիք չունի ռեժիսորը: Գյումրու տիկնիկայինի տնօրենի հրավերով Կարլո Գոցիի «Սիրո 3 նարինջ» հեքիաթն է բամադրել Ամանորի նախաշեմին: Ասում է՝ եթե ուզեն՝ իր խելքն ու փորձը կրկին պատրաստ է ներդնել ու աշխատել:
76-ամյա Լեոնիդն արտերկրում ապրող երեխաներ ունի: Ասում է ոչ մեկի մոտ տեղափոխվելու մտադրություն չունի: Իրեն տրված վկայագրով Գյումրիում բնակարան է գնել, ուզում է վերանորոգել, ապրել, կյանքը նորից վերադասավորել: Արտերկիրը նրան երբեք չի հրապուրել:
«Ես երկու տեղում կարող եմ ապրել՝ կամ Գյումրիում, կամ Շուշիում: Իմ ծննդավայրը չէ, բայց թանկ է ինձ համար»,- զրույցը եզրափակում է Լեոնիդ Հարությունյանը: