ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը կշարունակի բարձրացնել ԼՂ հայության ձայնը միջազգային հարթակներում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում ընգծել է, որ միությունը շարունակելու է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հայության ձայնը միջազգային հարթակներում՝ նպատակ ունենալով պաշտպանել արցախահայության ոտնահարված իրավունքներն ու վերականգնել նրանց անվտանգ և արժանապատիվ կյանքի հնարավորությունը։

Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է միության կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Աշխարհաքաղաքական այս տարվա իրադարձությունների ֆոնին փախստականության խնդիրը շարունակում է մնալ համաշխարհային օրակարգի առանցքում։ Միջազգային հանրության արձագանքի շրջանակում ուշադրություն է սևեռվել նաև բռնի տեղահանման և էթնիկ զտումների ենթարկված արցախահայերի իրավունքներին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրադրությունը, և ըստ ձեզ, ի՞նչ մոտեցումներ կարող են լինել արդյունավետ այս մարտահրավերներին դիմագրավելու համար։

Հարցին Գրիգորյանը պատասխանել է.

«Անցյալ տարվա վերջին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները և այս տարվա աշխարհաքաղաքական զարգացումները ևս մեկ անգամ ընդգծեցին փախստականների և բռնի տեղահանված անձանց հիմնահարցի գլոբալ կարևորությունը։ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները ոչ միայն խախտել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև խորացրել են հումանիտար ճգնաժամը։

Այո՛, ողջ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ իրականացված էթնիկ զտումները, արցախահայերիս ոտնահարված իրավունքների վերականգնման կոչերը, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները լայն արձագանք գտան միջազգային հանրության և մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հայտարարություններում, ինչպես նաև ընդունվեցին մի շարք բանաձևեր, տրամադրվեց մարդասիրական օժանդակություն։

Սակայն անհրաժեշտ է նշել, որ հռչակագրային բնույթ ունեցող միջազգային հանրության կողմից բազմիցս հնչեցրած և ոչ մի հայտարարություն չի հանդիսացել հիմք Լեռնային Ղարաբաղի հայության ոտնահարված իրավունքների վերականգնման համար։ Այս առումով ակնհայտ է, որ միջազգային հանրությունն ու կազմակերպությունները պետք է դիմեն գործնական կուռ քայլերի՝ ցուցաբերելով հետևողական, համակարգված մոտեցում և ստեղծելով միջազգային այնպիսի մեխանիզմներ, որոնց իրացումը հնարավորություն կընձեռի ապահովել արցախահայերիս անվտանգ և արժանապատիվ վերադարձն ու խաղաղ կեցությունը մեր հազարամյա հայրենիքում:

Սակայն կարևոր է նշել նաև, որ ակնկալվող արդյունքին հասնելու համար միջազգային հանրությունը և պատկան կառույցները պետք է գործուն և խիստ կերպով պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին միջազգային իրավունքի մի շարք նորմերի և սկզբունքների կոպիտ խախտման համար։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կանխել նույնօրինակ դեպքերի կրկնությունն ու վերականգնել մեր անօտարելի իրավունքը»։

Արդեն նշեցինք, որ այս տարի մենք ականատես եղանք աշխարհաքաղաքական նշանակալի փոփոխությունների և տարածաշրջանային լարվածությունների, այդ ամենը հանգեցրեց նոր փախստականական հոսքերի ողջ աշխարհում։ Մենք լսեցինք նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից արված մի շարք հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի խնդրի վերաբերյալ։ Այս իրադարձությունների համատեքստում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նպատակներն ու խնդիրները պահպանել են իրենց նախորդ դիրքորոշումը, և ի՞նչ հիմնական հայեցակարգով ու սկզբունքներով է պայմանավորվում ձեր գործունեությունը։

Պատասխանելով հարցին, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահը նշել է, որ ցավով պետք է արձանագրել, որ աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում կրկին առաջացան նոր փախստական խմբեր, որոնք բախվեցին լրջագույն մարտահրավերների։

«Ինչպես կարելի էր սպասել, այդ խնդիրներն այսօր էլ մնում են առանց պատշաճ լուծման։ Այս խնդիրների շարքում առավելագույնը կարևորվում է փախստականների վերադարձի իրավունքը, որը մինչ օրս մնում է չլուծված՝ չնայած այն հանգամանքին, որ միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթեր ընդգծում են դրա հրամայականը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից արված հայտարարություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի և, մասնավորապես, արցախահայության նկատմամբ հնչեցվող մեղադրանքների հետ, թե իբրև մենք մերժել ենք Ադրբեջանի կողմից առաջարկվող ինտեգրացիան, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը նպատակ ունի միջազգային հանրության առջև ձևավորել հանդուրժողականության և խաղաղասիրության կեղծ կերպար։ Շատ ուրախալի է, որ միջազգային հանրությունը հստակորեն գիտակցում է այս «խաղի» իրական էությունը, սակայն ցավալի է, որ այդ գիտակցումը չի ուղեկցվում համապատասխան պատժիչ մեխանիզմներով, ինչը, իր հերթին, խթանում է նոր հանցագործությունների առաջացումը։

Այնուամենայնիվ, իմ խոսքում նշել եմ, որ կան դրական նշաններ և ողջունելի է, որ միջազգային հանրության և հեղինակավոր կառույցների լայն աջակցության ավելացումը հուսադրում է։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է քաղաքակիրթ աշխարհը ավելի ակտիվորեն միանում մեր արդար պահանջներին՝ ապահովելով խնդրի ավելի մեծ ուշադրություն և միջազգային հարթակում հնչեղություն։

Ինչ վերաբերում է մեր նպատակներին և խնդիրներին, ապա նշեմ, որ դրանք շարունակում են մնալ որպես մեր գործունեության հիմքում ընկած առաջնահերթություններ։ Մենք բազմիցս ընդգծել ենք մեր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները։ Մասնավորապես, մեր կարևորագույն ուղղություններից մեկն է մնում միջազգային իրավաքաղաքական գնահատականի ձևավորումը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի միջազգային իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկումն ու հատուցման պահանջի առաջադրումը։ Մեզ համար առանցքային խնդիր է նաև Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումը, դրանց հանրայնացումը և դրանց հիման վրա միջազգային իրավական գործընթացներին նպաստելը։

Մեր կենսական նպատակներից առաջնայինը, որ եղել է և մնում է անփոփոխ, արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգնումն է և մեր անբեկանելի՝ վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատելը։ Մենք հաստատակամորեն կշարունակենք այս աշխատանքները այնքան ժամանակ, մինչև միջազգայնորեն չսահմանվեն վերադարձի այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն արցախահայերիս անվտանգ և արժանապատիվ վերադարձը մեր պատմական հայրենիք։ Մեր գործունեության առանցքում արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունն է, որը հանդիսանում է միջազգային իրավունքի անբաժանելի և գերակա արժեք։ Մեր հայեցակարգը խարսխված է հումանիտար իրավունքների և միջազգային իրավունքի նորմերի վրա, ինչպիսիք են 1951 թ. Փախստականների մասին կոնվենցիան, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մի շարք այլ առանցքային փաստաթղթեր։

Մենք խորապես հավատացած ենք, որ անվտանգության, արդարության և արժանապատիվ կյանքի երաշխավորումը պետք է լինի յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը, և պետությունները և միջազգային կազմակերպությունները պարտավոր են այդ արժեքները պահպանել և կիրառել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ