Ադրբեջանա-ուկրաինական հարաբերություններում թշնամություն հրահրելու հեռահար հաշվարկ.Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Գնալով աներկբա է դառնում համոզմունքս, որ ադրբեջանական քաղաքացիական օդանավի խոցումը ռուսական ՀՕՊ միջոցներով ոչ թե չգիտակցված պատահականություն էր՝ իբրև թե Չեչնիայի օդային տարածքում ուկրաինական դրոնների վնասազերծման «չարաբաստիկ» հետևանք, այլ ադրբեջանա-ուկրաինական հարաբերություններում թշնամություն հրահրելու հեռահար հաշվարկ։ Ռուսական կողմը, ակնհայտորեն հաշվարկել է, որ խոցելով ինքնաթիռն ու նրան չաջակցելով վթարային վայրէջք կատարել Գրոզնիի կամ մոտակա օդնավակայաններում ու կանխելով օդանավի՝ Բաքու վերադառնալու մտադրությունը (այդ պահին օդաչուն նույնիկս խոսում է հերթական հարվածի մասին, հրապարակված սղագրությունները դրա մասին են), հնարամտորեն ուղղորդել են նրան Կասպից ծովով դեպի Ղազախստան թռչել, որպեսզի օդանավը սուզվի ծովում, իսկ հետագայում, երբ անգամ այդ դեպքում հնարավոր չէր լինի կոծկել օդանավի վրա «արտաքին տեխնիկական միջամտությունը»՝ այն ներկայացնեին որպես ուկրաինական դրոնների արդյունք՝ դրանից բխող զարգացումներով․․․ Չստացվեց, որովհետև օդանավի անձնակազմը առավելագույնս պրոֆեսիոնալ գտնվեց հնարավորինս փրկելով ոչ միայն կյանքեր, այլ նաև հանցագործության «հետքեր»․․․
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը օդանավի խոցման օրվա առավոտյան հրապարակավ հայտարարել է ուկրաինական դրոնների դեմ ՀՕՊ կիրառելու մասին, «Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» պարգևատրել ԱԽ քարտուղար իր զարմիկին, իսկ ռուսական կողմը ընդունել է, որ այդ օրը Չեչնիայի երկնքում իրականացրել են «գորգ» գործողություն․․․ Թեպետ, օդային տարածքը փակելու մասին չեն զգուշացրել դրանով թռչող ավիաընկերություններին․․․
Ի մասնավորի՝ Ուկրաինայի ու Չեչնիայի ղեկավարության բարդագույն հարաբերությունները հայտնի են առնվազն Ռուսաստանի ագրեսիոն զորքերի կազմում չեչենական ստորաբաժանումների վայրագությունների ու հանցագործությունների փաստով։ Չեչնիայի թիրախավորումն ուկրաինական անօդաչու ավիացիայի կողմից նույնպես բացատրելի է։ Բացատրելի է դառնում նաև Չեչնիայի տարածքում տեղակայված Պանցիրներով ու Կադիրովի ձեռամբ այս օպերացիայի իրականացումը, որը ցանկալի արդյունքներ է ապահովում նաև Պուտինի համար․․․
Միջազգային դերակատարներն արդեն իսկ փորձում են այս իրավիճակն օգտագործել Ադրբեջանի օբյեկտիվ դժգոհությունները Ռուսաստանի դեմ շուռ տալու համար։ իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ցավակցել է Ադրբեջանին ու զուգահեռներ անցկացրել ադրբեջանական ու մալազիական օդանավերի խոցման միջև, կարևորել ընդդեմ Ռուսաստանի միջազգային կոնսոլիդացիան։ Մինչ դա էլ Ադրբեջանի բռնապետ Ալիևը ռուս քարոզիչ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում բավական նկատելի աջակցություն էր հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած քաղաքականությանը․․․
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ տնօրեն

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ