«Կադրային չեկիստի» խոստովանությունը. Վանեցյանը հաղթահարել է կոմպլեքսն ու ազատ շփվում է նախկին նախագահների հետ

Օրերս ընդդիմադիր գործիչներից մեկը, խոսելով կառավարող ուժի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, ակամա խոստովանել էր՝ երկրում օրակարգ է թելադրում մեկ սուբյեկտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս՝ ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների մասին վերջին գրառումը և դրան հաջորդած տարատեսակ արձագանքները՝ վայրահաչոցներից մինչև ճիչեր, ճռինչներ, խռխռոցներ և այլ ձայնարկություններ, գալիս են փաստելու վերոհիշյալ ընդդիմադիր գործչի խոսքերը։ Փաշինյանի բացած և կամ թելադրած օրակարգը ստիպել է պուճախներից դուրս գալ ու իր մասին հիշեցնել նաև վերոհիշյալ ընդդիմադիր գործչի կուսակցության հետ 2021-ին դաշինք կազմած և այն ղեկավարած, «կադրային չեկիստ», գործող իշխանության օրոք կարճատև և միաժամանակ տխրահռչակ կարիերա ունեցած ԱԱԾ նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանին։ Պարոն Վանեցյանը, նկատենք, իր ակտիվանալը նշանավորել է ոչ թե լրջության բարձր ստանդարտներին համապատասխանող որևէ ԶԼՄ-ի հարցազրույց տալով և կամ քաղաքական հայտարարություն անելով, այլ… երրորդ նախագահի մերձավոր շրջապատի կողմից հովանավորվող «փոդքասթի» տաղավար շտապելով։

Անկեղծ ասած, ծանոթ լինելով պարոն Վանեցյանի լեզվամտածողությանը (այդ մարդը այդպես էլ չսովորեց մի պարզ բան՝ դադարել լինել «գյադա», չզբաղվել մազոխիզմով՝ զոռ տալ ուղեղին՝ գաղտնիք հանդիսացող մանրամասներ)՝ չէինք ակնկալում, որ անլուրջ ֆորմատի տաղավարում զբաղվելու է լրջմիտ վերլուծություններով, բայց նրա որոշ՝ ցինիկ մտավարժանքներ ստիպեցին արձագանքել։ Ինչ է ասում հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրեն նշանակված «ազնվությունը լավ բան ա», «խաբելը վատ բան ա» հավատամքով առաջնորդվող մարդը. ասում է՝ նախարարները և այլ պաշտոնյաների կենսագրականները երբ նայում ես, գրված է՝ ծնվել են, սովորել են այստեղ և միանգամից անցել են պետական ապարատում աշխատանքի։ Մարզպետ էլ կա, ասում է, որը ժամանակին Սևանի ճանապարհին ձուկ է վաճառել ու ցույց տվել ձուկ վաճառողների հայտնի ժեստը։ Փաստորեն, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում սովորելու տարիներին ապագա «չեկիստին» սովորեցրել են, որ ձուկ վաճառելը անպատվաբեր, նվաստ գործ է, և ՀՀ-ում ձուկ վաճառողները դատապարտված են այդպես էլ մնալ ձուկ վաճառող, նրանք ո՞վ են, որ հավակնեն պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելուն։ Եվ ուրեմն, կորչե՛ն բոլոր ձուկ վաճառողները, կեցցեն մամաների, պապաների զբաղեցրած պաշտոնների (Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, աշխատել է Ռ. Քոչարյանի աշխատակազմում) բերումով ոչ միայն ձուկ, այլև սև խավիար կերած-մեծացած բոլոր բալիկները, նրանց է վիճակված երկրի կառավարումը։ Սովետական քաղքենի մտածողության այս նողկալի մնացուկի կրող Վանեցյանին, փաստորեն, երբ նախկին ռեժիմի օրոք պաշտոնների են նշանակել, հաշվի են առել ոչ թե նրա մասնագիտական որակները, տաղանդն ու ձեռնահասությունը, այլ այն, թե արդյոք նա դպրոցն ու բուհն ավարտելուց հետո զբաղվե՞լ է որևէ «անպատիվ» գործով՝ ձուկ վաճառելով, թե՞ պատվարժան զբաղմունք է ունեցել՝ զբաղվել է թառափ ու «սև իկրա» ուտելով։

Անցնենք Վանեցյանի մտքի հաջորդ փայլատակմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիմա սկսել է հերթով պատժել նրանց, ովքեր հեղափոխության օրերին իր հետ քայլել են, ընդ որում, պատժվողների մեջ են նաև նրանք, ովքեր իր հետ չեն քայլել։ Յա, իրո՞ք, կասեր Վանեցյանի երբեմնի կոլեգա (ԿԳԲ-շնիկ) Սերժ Սարգսյանն ու երևի թե կհավելեր. «Արթուր ջան, սիրուն ջան… ըըըըը, սիրուն չի, ազնիվ չի, հլը ասա, որ 2018 թվին նշանակվեցիր ԱԱԾ պետ, քայլել էի՞ր Նիկոլի հետ։ Չէ՞, բա ի՞նչ էիր արել, որ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնից տենց միանգամից ծառայողական թռիչք ունեցար՝ նշանակվեցիր ԱԱԾ տնօրեն։ Ո՞ր ծառայությանդ դիմաց ստացար էդ պաշտոնը, ո՞ր կարողությանդ համար՝ բացի ձուկ ու իկրա կերած լինելուց»։ Փաստորեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը պաշտոնանկ է արվել («սեփական դիմումի» համաձայն) հեղափոխությունից մեկուկես տարի անց՝ 2019-ին, ապա կարելի է եզրակացնել, որ «չքայլածներին» պատժելու գործընթացը Նիկոլ Փաշինյանը սկսել է դեռ վաղուց, և առաջին պատժվածներից մեկն էլ ինքը՝ Փաշինյանի օրոք գեներալ-մայորի կոչմանն արժանացած Վանեցյանն է։ Ինչևէ։ Այժմ առաջարկում ենք լսել Վանեցյանի «վերսիան» առ այն, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտնվեց հեղափոխական թիմում ու նշանակվեց ԱԱԾ տնօրեն։ Ըստ այդ վերսիայի՝ ինքն ու Ալեն Սիմոնյանը փոքր տարիքից ընկերներ-մտերիմներ են եղել, Նիկոլ Փաշինյանին էլ ծանոթացել է Ալեն Սիմոնյանի միջոցով, շփվել հավաքույթների սեղանի շուրջ՝ երկու անգամ, Փաշինյանն իմացել է, որ ինքը ԱԱԾ-ում է աշխատում։ «2018 թվականին երբ որ եղավ էն ամենը, ինչ եղավ, և նշանակումներ պետք է արվեին, ինձ զանգահարել ա Ալենը, հրավիրել ա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որտեղ և ինձ առաջարկվել ա զբաղեցնեմ ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Ազնիվ լինելու համար պետք ա ասեմ, որ պայմանավորվել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, որ աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում, որևէ մարդու, ով խախտել ա օրենքը, անկախ նրանից, կլինի դա մեր բարեկամը, հարազատը, թիմակիցը, ընկերը, չենք ներում և պայքարում ենք հանցագործությունների դեմ։ Պայմանավորվեցինք, և ես անցա աշխատանքի…»։ Պա՞րզ է։ Հիմա դառնանք նրա ազատման պատճառներին։ ԱԱԾ նախկին տնօրենն ասում է, որ ինքը երեք անգամ ազատման դիմում է գրել, բայց Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել, միաժամանակ հավելում է, որ պաշտոնից հրաժարվելու որոշումը իր համար եղել է շատ բարդ կայացված որոշում, որովհետև պաշտոնը թողնելուց հետո նախկին պաշտոնյայի կյանքում շատ բան է փոխվում։ Հարցին՝ երբվանից էիք ուզում լքել պաշտոնը, Վանեցյանը պատասխանում է՝ 2019 թ. հունիս-հուլիս ամիսներին, Փաշինյանն էլ, փաստորեն, մի քանի անգամ չեմուչում անելուց հետո սեպտեմբերի 16-ին վերջապես որոշել է բավարարել նրա դիմումը։ Հարկ է նկատել, որ պաշտոնաթողությունից ընդամենը երկու ամիս առաջ՝ 2019-ի հուլիսի 5-ին, երբ, փաստորեն, ԱԱԾ տնօրենի սիրտը կրծում էր հրաժարական տալու որդը, վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի կողմից Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում, և նա, փաստորեն, չի առարկել, չի ասել՝ այ պարոն վարչապետ ջան, ի՞նչ գեներալ-մեներալ, դիմումս ստորագրի, քաշեմ իմ թանկագին ռադը…

Այժմ անցնեք Վանեցյանի «լրջմիտ» գյալաջիի հիրավի սենսացիոն բացահայտումներից մեկին։ Նա բառացի խոստովանում է, որ 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել այն պատճառով, որ Փաշինյանը, ուշադրություն, փչացրել է հարաբերությունները ՌԴ-ի, իմա՝ Պուտինի հետ։ Իսկ ինքը, ահա, հորդորել է Փաշինյանին չփչացնել հարաբերությունները, որի ապացույցը նաև հայտնի գաղտնալսման մեջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յ. Խաչատուրովին չկալանավորելու մասին նրա առաջարկն է։ «Գիտեմ, որ շահարկելու եք, բայց պիտի ասեմ՝ երբ որ ասում էի ՌԴ-ի հետ հարաբերություններդ մի փչացրու, որովհետև էդ հարաբերությունները փչացնելու հետևանքը եղավ էն, ինչ որ եղավ ցավոք սրտի։ …Գաղտնալսման մեջ եմ ասում, ասում եմ, այ ընկեր, ռուսների հետ հազիվ բարիշել ենք, էդ Խաչատուրովին մի ձեռք տվեք… Դա ա եղել հիմնական պատճառը, որ ես հասկացել եմ, որ նման վարվող քաղաքականության վերջը լինելու ա պատերազմ, պատերազմի, ցավոք սրտի, պատրաստ չենք…»։ Ի դեպ, Վանեցյանը ձեռքի հետ մերկացնում է նաև «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ»-ի մասին քոչարյանասերժական թեզը և նշում, որ Ադրբեջանի սպառազինությունը 21-րդ դարի պատերազմին էր ադապտացված, իսկ մեր բանակը չուներ նման սպառազինություն։ Այստեղ էլ մի պահ ստոպ տանք ու վերհիշենք, թե վարչապետի սեղանին նման «խորը վերլուծական» զեկույցներ դրած, նրան սթափության կոչեր արած ԱԱԾ պետը ինչպես էր քյանդրբազի պես Ադրբեջանին գրգռում պատերազմի։ Սթափ ու պետականամետ մտածողությամբ սույն պաշտոնյան, հիշեցնենք, 2019 թ. սկզբին Արցախի հարավ կատարած այցի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարել էր. «Անընդհատ շահարկվում է, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն։ Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու մեր ժողովրդին և աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք։ Մեր հողում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»։ Թե ով էր «կադրային չեկիստի» լեզվից քաշել ու ստիպել նման բան հայտարարել, կարելի է միայն ենթադրել։ Փաստ է, որ նրա այս ոչմիթիզական հայտարարությունը հունից հանել էր Ադրբեջանին, որի ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել էր. «Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է Ադրբեջանի տարածքները բռնազավթելու մեջ Հայաստանի ուղիղ մասնակցության և իրենց բռնակցման քաղաքականությունն արդարացնելու ձգտման մասին։ Հիշեցնենք, որ հենց Հայաստանն է պատասխանատվություն կրում նման սադրիչ արտահայտությունների բացասական հետևանքների համար»։

Ի դեպ, պարզվում է, որ ԱԱԾ նախկին տնօրենը, որը հեղափոխական կառավարության կազմում «աշխատում» էր իր մոր՝ Մ. Ազարյանի նախկին «բոսսին»՝ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, երկրորդ և երրորդ նախագահներին առաջին անգամ տեսել ու ծանոթացել է 2020 թվականին, Արցախում, 44-օրյայի օրերին։ Իսկ այժմ նորմալ հարաբերություններ ունի նրանց հետ, ժամանակ առ ժամանակ հանդիպում է, մտքերով փոխանակվում և այլն, և այլն։ Հիշեցնենք, որ այդ նույն Վանեցյանն էր, որ հեռախոսով քննարկում էր Քոչարյանի «կալանքը տալու» հարցերը ու գլխի չէր ընկնում, որ «իրեն կարող ա պատահի գաղտնալսում են», այդ նույն Վանեցյանն էր, որ խոսում էր Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի շշմեցուցիչ մասշտաբների մասին, այդ նույն Վանեցյանն էր, որի դեմ Քոչարյանի ավագ որդին դատարան քաղհայց էր ներկայացրել, և այդ նույն Քոչարյանի այդ նույն որդին էր, որ Վանեցյանի որդու՝ ամիսներ առաջ տեղի ունեցած հարսանիքի հրավիրյալների թվում էր։ Ի դեպ, որպեսզի հասկանանք, թե ինչ տիպի ու մակարդակի «քաղաքական ծաղրածու» է ԱԱԾ նախկին տնօրենը, թերևս հիշենք նրա սկանդալային ֆրազաներից մեկը նախկինների մասին։ Այդ նա էր, որ իրեն կոտորում էր, թե՝ ինձ մի կապեք նախկինների հետ, այդ նա էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո տված հարցազրույցում ազդարարեց. «Շատ ծիծաղելի է ինձ կպցնել «նախկինների» հետ։ Ես հեղափոխությունից հետո, երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նախկինների դեմ պայքարի գլխավոր սիմվոլն էի։ «Նախկին» բառն ինձ դուր չի գալիս, եկեք այդ տերմինից հրաժարվենք։ Բայց այն մարդիկ, որոնք ինձ փորձում են կապել «նախկինների» հետ, անճարությունից են դա անում և մանիպուլյատիվ գործիքակազմն օգտագործելով՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ես նախկին եմ կամ ուղղորդվում եմ նախկինների կողմից։ Այսպես կոչված «նախկինների»՝ իշխանության հետ գալու դեպքում իրենց թիվ 1 թիրախն ու թշնամին լինելու եմ ես, որովհետև ես եմ բոլորին քրեական հետապնդման ենթարկել, ես եմ նրանց գողացած փողերը հետ վերադարձրել պետական բյուջե և ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով…»։

ԱԱԾ նախկին տնօրենը, փաստորեն, այժմ, հաղթահարել է նախկինների հետ կապված լինելու կոմպլեքսը, ավելին՝ ընտիր հարաբերություններ ունի նույն այդ «նախկին» բառի «սիմվոլների»՝ երկրորդ և երրորդ նախագահների հետ, ժողովրդական լեզվով ասած՝ «դեռ հլա մի բան էլ քննարկում է» տարբեր հարցեր։ Նախկիններից մեկի՝ Սերժ Սարգսյանի հետ 2021-ին դաշինք կազմած Վանեցյանին տեսնես այս ընթացքում որևէ նախկին հարցրե՞լ է՝ շարունակո՞ւմ ես մեզ հետ համագործակցել, թե՞ շարունակում ես համարել, որ մեր՝ իշխանության գալու դեպքում մեր «թիվ մեկ թիրախն ու թշնամին ես» լինելու։ Իսկ գուցե եղել ես և կաս ՀՀ «թիվ մեկ» ծաղրածո՞ւն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ