Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։
Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։
Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր գերատեսչության դերը միջոցառումների իրականացման գործընթացում։
«Այս հարթակը հատուկ հնարավորություն է բոլորիս համար՝ քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են, և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղղությունները»,- վստահեցրել է նախարարը։
Նա ներկայացրել է 2025-ին նախատեսվող ծրագրային առաջնահերթությունները, որոնք ընդգրկում են մշտադիտարկման և վերագնահատման փուլերը։ Նախարարը հավաստիացրել է, որ ՄԻՊ ազգային ռազմավարությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է, և Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու այս ոլորտում հաջողությունների գրանցմանը։