2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ջրի մատակարարման պլանային ու վթարային ընդհատումներին վերաբերող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սահմանած նոր կանոնակարգերը։ Նպատակն է՝ այդպես բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և խստացնել մատակարարների պատասխանատվությունը սպառողների նկատմամբ:
Եթե ամսվա ընթացքում տեղի է ունենում վթար, և ջրամատակարարումը չի վերականգնվում մինչև 36 ժամ, ապա ընկերությունը տույժ չի վճարում։ Բայց, երբ վերականգնման աշխատանքները գերազանցում են 36 ժամը, սպառողին կվճարվի տույժ՝ ջրամատակարարման միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը: Իսկ մեծ մագիստրալ ջրատարների վթարների դեպքում վերականգնման ժամկետը ամսվա կտրվածքով 72 ժամ է:
Օրինակ, եթե ջրանջատումը եղել է 20 ժամ, որից հետո վերականգնվել է, ապա մի քանի օր հետո կրկին եղել է ջրանջատում 16 ժամ, այդ դեպքում ընկերությունը չի վճարելու տույժ, բայց եթե ջրամատակարարումը դադարեցրել են 37 և ավելի ժամով, ապա ընկերությունը կվճարի տույժը:
ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանն Araratnews-ի հետ զրույցում նշեց, որ որոշ բնակավայրերում կա ջրամատակարարման հատուկ սահմանված գրաֆիկ (օրինակ՝ 14-ժամյա գրաֆիկ), և այս գրաֆիկի համաձայն ջուրը տրվում է նշված ժամանակահատվածում, ապա այդ ժամանակահատվածում ջրի անջատումները չեն հաշվարկվում տույժի մեջ։
« «Վեոլիա ջուր» ընկերությունը վճարում է տույժ միայն այն դեպքում, երբ ջրամատակարարման ժամկետները գերազանցում են սահմանված նորմաները, իսկ հատուկ գրաֆիկներով տարածքների համար տույժ չի կիրառվում»,- ասաց մամուլի քարտուղարը, հավելելով, որ եթե ամսվա մեջ տեղի է ունենում վթար և ջրամատակարարումը չի վերականգնվում մինչև 36 ժամ, «Վեոլիա ջուր» ընկերությունը տույժ չի վճարում, սակայն, երբ ժամկետները գերազանցվում են, սպառողին կվճարվի տույժ՝ սպառված ջրամատակարարման միջին ամսական արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը:
Իսկ մեծ մագիստրալ ջրատարների վթարների դեպքում վերականգնման ժամկետը ամսվա կտրվածքով 72 ժամ է, այսինքն՝ 72 ժամը գերազանցելու դեպքում ընկերությունը կվճարի տույժը, որը ավտոմատ կերևա բաժանորդի քարտին՝ ինքնաշխատ տարբերակով:
Սակայն եթե ամսվա կտրվածքով ջրանջատումները լինեն օրինակ՝ 2-30 ժամ, դրա համար տույժ չի վճարվելու:
Նշենք, որ այն հասցեներում, որտեղ կա ջրամատակարարման հատուկ սահմանված գրաֆիկ, օրինակ՝ 14-ժամյա գրաֆիկ և ջուրը մատակարարվում է նշված ժամանակահատվածում՝ սա ևս չի ներառվում տույժի մեջ: