Երևանի քաղաքապետարանը վարչական հայց է ներկայացրել «Սրբազան պայքարի» առաջնորդ Վազգեն Պետրոսի Գալստանյանի դեմ։ Civic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ հայցվորը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել պատասխանողին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար։
Վարչական հայցը դատարան է մուտգաքրվել օրերս՝ դեկտեմբերի 19-ին եւ մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։
Նշենք, որ հայցապահանջի հիմքում դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը վերավբերում է Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգին։ Ըստ այդմ՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
Նկատենք, որ նախքան վարչական հայց ներկայացնելը Երեւանի քաղաքապետարանը մի քանի անգամ լսումների հրավիրել է Վազգեն Գալստանյանին քաղաքապետարան՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ս. Քոչարյանի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի և հոկտեմբերի 7-ի համապատասխան գրություններով նկարագրված հանգամանքների ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ իրավախախտումը կատարված լինելու փաստի քննության նպատակով։ Ըստ ոստիկանության՝ մասնավորապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում՝ ժամը 20։30-ի սահմաններում, առանց ոստիկանության կողմից նշանակված ներկայացուցչին նախապես տեղեկացնելու Վ. Գալստանյանը «կազմակերպել և իրականացրել է առերևույթ 100-ից ավելի մասնակից ունեցող երթ (երթի մեկնարկի պահին մասնակիցների թիվը կազմել է շուրջ 1.000, իսկ վերջնակետ հասել են նրանցից մոտ 500-ը)։ Երթն իրականացվել է Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հերացի փողոց-Արմենակյան փողոց-Հովսեփյան փողոց-Հայաստանի հանրային հեռուստատեսություն՝ ավելի քան 7 կմ երկարությամբ երթուղով։ Երթի մասնակիցներն ամբողջությամբ նշված երթուղու վերջնակետ հասել են մոտավորապես ժամը 23։00-ի սահմաններում, որտեղ շարունակել են հավաքը՝ մինչև 03.10.2024 թվականի ժամը 01։00-ն»։ Հայտնելով վերոգրյալը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը միջնորդել է քննարկել նշված փաստի առթիվ Լիդյա Մանթաշյանի (նա է իրազեկել քաղաքապետարան-հանրային հավաքի մասին-խմբ.) և (կամ) Վազգեն Գալաստանյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարչական վարույթ հարուցելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը։
Գալստանյանը, դատելով վերջինիս Երեւանի քաղաքապետարանի կողմից ուղարկված ծանուցումներից (դրանցում նշվում է, որ Վազգեն Գալստանյանը «կրկին հրավիրվում» է մասնակցելու) չի ընդունել հրավերը։