2024 թվականը Հայաստանի համար ծանր, բայց խաղաղ և կայուն տարի էր։ 2020 թվականից հետո՝ 2024-ը թերևս առաջին տարին էր, երբ Հայաստանի սահմանները համեմատաբար խաղաղ էին, թեպետ պատերազմի ռիսկը հատկապես տարեզկբին բավական մեծ էր։
Հայաստանում շատերը, հիմնականում այսպես կոչված փողոցի և խորհրդարանական ընդդիմությունը չեն կարողանում, կամ գուցե չեն ցանկանում հասկանալ, որ փխրուն կայունությունն ու խաղաղությունը ինչ-որ առումով գործող իշխանության գործադրած դիվանագիտական քայլերի, բանակցային բարդ աշխատանքի և այդ ամենի նկատմամբ հասարակության զգուշավոր, բայց դրական ընկալման արդյունք է։
2020 թվականից սկսած գրեթե երեք տարի շարունակ Հայաստանն ու հայ հասարակությունը ապրում էր պատերազմով, որը 2021-ին, 2022-ն և 2023-ին որոշակի դադարներով բռնկվում էր։ 2024 թվականի սկսզբին պատերազմի բռնկման վտանգը կրկին սրվել էր, սակայն այն հնարավոր եղավ ինչ-որ առումով չեզոքացնել նախևառաջ Տավուշում սահմանազատման գործընթացով։
Շատերն իշխանություններին քննադատում են, որ բանակցային գործընթացը և դիվանագիտական աշխատանքը որևէ արդյունք չեն տալիս, մինչդեռ հենց այդ աշխատանքի արդյունքն է, որ սահմանին էսկալացիա չկա և զինվորներ չեն զոհվում։
Գո՞հ ենք, թե՞ ոչ իշխանությունների խաղաղասեր քաղաքականությունից դա հարցի մյուս կողմն է, սակայն ակնհայտ է, որ հենց բանակցային գործընթացն է այսօր պահում փխրուն խաղաղությունը։ Հայտնի փաստ է՝ ցանկացած բանակցություն պատերազմից լավ է, իսկ երբ չկան բանակցություններ սկսվում է պատերազմը։ Դրա վառ ապացույցը 2020 թվականի պատերազմն էր։ Դեռևս 2018 թվականին Սերժ Սարսգյանն անձամբ էր խոստովանել, որ բանակցային գործընթացը կանգնած է, իսկ արդեն 2020 թվականին սկսվեց 44 օրյա ողբերգական պատերազմը։
2020 թվականի ծանր պարտությունից հետո Հայաստանը բարդ շրջափուլ է անցնում։ ՀՀ զինված ուժերը պատերազմից հետո կոտրված էին, կան տարածքային և մարդկային կորուստներ, երկիրը շարունակում է շրջափակման մեջ մնալ, իսկ հիմնական դաշնակիցն էլ վաղուց խաղում է թշնամու ճամբարում։ Այս իրավիճակում Հայաստանի միակ «զենքը» դիվանագիտությունն է, դիվանագիտական բարդ աշխատանքը, որը մի կողմից հնարավորություն է տալիս զսպել թշնամու և ոխերիմ բարեկամի կործանարար ծրագրերը, մյուս կողմից ժամանակ է շահում, որպեսզի երկիրը կարողնա շունչ քաշել և ոտքի կանգնել։
2025 թվականը բարդ տարի է լինելու, մարտահրավերները եթե չավելանան, ապա կմնան նույնը։ Հայաստանի ինքնիշխանության, գոյության պահպանման միակ գրավականը շարունակելու է մնալ դիվանագիտական ծանր աշխատանքը։ Ուզենք թե չուզենք, դժգոհենք թե ոչ, բայց միայն բանակցելով է հնարավոր փխրուն կայունությունը վերածել երկարատև խաղաղության։