Ընդդիմությունը լեգիտիմացնում է ադրբեջանական օրակարգն ու տիրաժավորում «300 հազար ադրբեջանցիների» մասին քարոզչաթեզը

Մենք քանիցս ենք անդրադարձել հայրենի ընդդիմության (մասնավորապես՝ խորհրդարանական)՝ Ալիևի փաստաբանի դիրքերից հանդես գալու, ադրբեջանական քարոզչամեքենայի նարատիվները հետևողականորեն գեներացնելու խնդրին։ Այդ վտանգավոր վարքագիծն, ի դեպ, դրսևորվում է ոչ միայն խորհրդարանական մակարդակում՝ ԱԺ պատերից ներս հնչող ելույթների տեսքով, այլև միջազգային հարթակներում, օրերս էլ՝ Հ1-ի տաղավարում տեղի ունեցած բանավեճի ժամանակ։

Փաստն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան իր անփաստարկ, կեղծ ու ագրեսիվ նարատիվները շրջանառում է ոչ թե 44-օրյա պատերազմից հետո, այլ դրանից շատ առաջ, եթե չասենք՝ տարիներ շարունակ։ 2015-ի հունվարի 22-ին, օրինակ, Ալիևը Գյանջայում հայտարարել էր, թե Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, և «երիտասարդությունը, երեխաները պետք է ապրեն մեր պատմական հողեր վերադարձի գաղափարով` ներառյալ Հայաստանը»։ «Ես այդ մասին բազմիցս ասել եմ և մեկ անգամ ևս ուզում եմ ասել. ապագայում ադրբեջանցիները պետք է վերադառնան մեր բոլոր պատմական հողեր, որոնք չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով և դրա հարակից տարածքներով: 19-րդ դարի ոչ այնքան վաղ պատմությունում նշվում է ընդարձակ տարածքը, որտեղ ապրել են ադրբեջանցիներ»,- ուղեղին զոռ էր տվել Ալիևը։

2016 թվականի Ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ էլ ասել էր. «Մեր պատմական աշխարհագրությունը շատ լայն է եղել։ Վերջին ժամանակները պատմաբաններն այդ թեմայով ստեղծում են որակով գիտական աշխատություններ, գրում են գրքեր։ Նաև պետք է շեշտեմ, որ այդ հարցերը լուծվում են իմ հանձնարարականներով։ Օրինակ՝ Իրիվանի խանության մասին ստեղծվել է շատ մեծ գիտական աշխատություն։ Այդ աշխատությունը թարգմանվել է մի քանի լեզուներով, որպեսզի ողջ աշխարհը իմանա, որ Իրիվանը մեր պատմական հողն է։ Գյոկչան, Զանգեզուրը մեր պատմական հողերն են։ Մենք կվերադառնանք մեր հողերը։ Վերադարձի համար պետք է ունենալ մտածված ռազմավարություն, հայեցակարգ։ Մենք դա ունենք։ Ռազմավարական գիծը որոշված է, և ամեն տարի մենք ձեռնարկելու ենք մարտավարական քայլեր»։

Հարկ է նկատել, որ նախկին իշխանության օրոք նման քարոզչական թեզերը եթե «թյուրիմացաբար» հայտնվում էին հայկական տեղեկատվական տիրույթում, ապա դրանք անլրջացվում էին ու չեզոքացվում ծաղրի, գրոտեսկի, «հավը երազում կորեկ է տեսնում» ոճի հակադարձումներով, ոչ թե տիրաժավորվում իշխանությանն ուղղված՝ «Ալիևը նման բան է ասել, որն է ձեր գնահատականը» անմիտ ու վտանգավոր հարցադրումներով։ Չենք հիշում, թե խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ վեր կենար, գնար Հ1 ու եթերում հերիք չէ՝ թութակեր ալիևյան ագիտպրոպի նարատիվները, դեռ մի բան էլ պատասխան պահանջեր դրանց վերաբերյալ՝ ստանձնելով հակառակորդ երկրի շահերի, այսպես ասած, «լատենտ ջատագովի» դերը։

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից շատերի ուշքնումիտքը բանում է մի ուղղությամբ՝ ինչ հակահայ, ավելի ճիշտ՝ գործող իշխանության քաղաքականությանը խփող, ներհայաստանյան աժիոտաժ առաջացնող բան կփստացնի Ալիևը, որ իրենց «հոր կնունքով, մոր ծնունդով, 5-6 հոգով, թրով-թվանքով» «որսի» գնան Կառավարություն ու հաշիվ պահանջեն կառավարող ուժի ղեկավարից։ Ալիևի վերջին հարցազրույցը, արդ, ճոխ սնունդ դարձավ վերջինիս «ֆան ակումբի» հայազգի ներկայացուցիչների, ընդդիմադիր որոշ գործիչների համար։ Մասնավորապես նրանց քիմքին շատ դուր եկած քարոզչաթեզերից մեկը 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ կառավարությանը նամակով դիմելու մասին հայտարարությունն էր։ Օրերս, ահա, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հ1-ի եթերում էր փորձում բանավեճի հրավիրված իր ՔՊ-ական օպոնենտներից «կարծիք կորզել»՝ աղաղակելով. «Ուղիղ հարց եմ տալիս՝ 300 հազար ադրբեջանցի նամակով դիմել ա Նիկոլ Փաշինյանին՝ էստեղ գալու, ապրելու։ Ձեր պատասխանը։ Ձեր համար ընդունելի ա՞, «օկ» ա՞ ձեզ համար, 300 հազար ադրբեջանցի ուզում է գալ, էստեղ ապրել»։ Փաստորեն, Քոչարյանի կուրացիայի տակ գործող պատգամավորը (և ոչ միայն նա) զբաղված է ոչ թե կոնկրետ այս «300 հազար ադրբեջանցի» նարատիվը զրոյականացնելով, առ ոչինչ դարձնելով՝ դրա կեղծ լինելը ապացուցող փաստարկներ վկայակոչելով, այլ պարբերաբար կրկնելով այն՝ լեգիտիմացնում է հիշյալ նարատիվը, դրան արժանահավատություն հաղորդում և դեռ այսքանից հետո էլ փորձում ճշտել՝ ինչ վերաբերմունք ունի այդ հարցի առնչությամբ ՀՀ իշխանությունը։ Նշենք, որ իր ընդդիմադիր գործընկերոջ այս սպեկուլյատիվ հարցադրմանն արձագանքելով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կոշտ նկատեց. «Ձեզ ինչո՞ւ է էդքան հուզում ադրբեջանցիների նամակը, ինչո՞ւ եք եկել և մեզնից պատասխան պահանջում ադրբեջանցիների նամակի համար։ Դուք այստեղ ադրբեջանցիների շահե՞րն եք պաշտպանում։ Հասկանու՞մ եք տարաբնույթ՝ ձեր կողմից հնչեցվող բոլոր թեզերի վտանգավորության աստիճանը և էն հարցերի պատասխանների վտանգավորությունը, որոնք որ ուզում եք վարչապետից ստանալ»։

Ակնհայտ էր, որ Աննա Գրիգորյանը ակնկալում է ստանալ մի պատասխան, որը հետագայում կարելի կլինի շահարկել քաղաքական նպատակներով ու իրենց էլեկտորատին ցույց տալ, որ՝ տեսեք, հարգելի ժողովուրդ, և մասնավորապես արցախահայություն, Փաշինյանը տեր չեղավ ձեզ, Լաչինի միջանցքը զենքի ուժով չբացեց, Արցախը հանձնեց և այժմ ստիված է կատարել Ալիևի պահանջած հերթական զիջումն ու «ընդունել ադրբեջանցի փախստականներին»։

Ինչպես կասեր Է. Շարմազանովը՝ սա «դիշովի պոպուլիզմ» է, բանակցային գործընթացին վնասող ցնդաբանություն, ուրիշ ոչինչ։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ