Եթե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ»:
Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ասաց՝ 1994-ից բանակցվում էր, թե ինչպես պետք է Լեռնային Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին:
«2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը ծանոթանալով բանակցային փաթեթներին ու տարբերակներին, տեսնելով, որ բոլոր տարբերակներով ԼՂ-ն վերադարձվում է Ադրբեջանին, փորձել է փրկել իրավիճակը, որովհետև բանակցային այն փաթեթները, որոնք կային սեղանին դրված, դրանցով անշրջելիորեն Լեռնային Ղարաբաղը հայտնվելու էր Ադրբեջանի կազմում:
Ստեղծված իրավիճակը փրկելու համար է էդ ամեն ինչն արվել:
Վարչապետը մի քանի անգամ մինչև 2020 թվականի պատերազմը հայտարարել է, որ փորձում է բանակցությունները մեկնարկել սեփական կետից, զրոյական կետից: Բա մեր հանրության մոտ հարց չէր առաջանում՝ ինչո՞ւ: Բա էն բանակցային ողջ փաթեթները ինչի՞ համար էին»,- ասել է Չախոյանը:
Ըստ նրա՝ պատճառը շատ պարզ և հստակ է. մինչ այդ այն, ինչը բանակցվել էր՝ աղետ էր Լեռնային Ղարաբաղի համար:
«Անշրջելիորեն Լեռնային Ղարաբաղը հայտնվելու էր Ադրբեջանի կազմում: Վարչապետը փորձում էր փրկել իրավիճակը, բայց ցավոք ժամանակը շատ կարճ էր ու չբավարարեց: Դրանից կարճ ժամանակ անց սկսվեց պատերազմը»,- մանրամասնել է Չախոյանը: