ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Գլխավոր քարտուղարը խորապես ցավակցում է Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։
Նա իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և համերաշխություն՝ տուժած երկրներին։ Գլխավոր քարտուղարը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում այս ողբերգական աղետից տուժածներին»,- ասված է մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել: Ինչպես հայտնի է, ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: