Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է

Ղազախստանի Ակտաու քաղաքում Azerbaijan Airlines ավիաընկերության կործանված ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամներից երեքը ողջ են մնացել։ Կործանման պատճառները մանրակրկիտ հետաքննվում են։ Դեռ վաղ է նախնական վարկածներ առաջ քաշել և խոսել զոհերի ինքնության մասին

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ պատահարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։

Նա նշել է, որ հանձնաժողովը դեպքի վայրում շարունակում է հետաքննությունը։

«Մահացածների թվում մեկ երեխա կա։ Այս պահին դեռ վաղ է խոսել զոհերի ինքնության մասին, քանի որ այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի»,- ասել է նա։

Ղազախստանի տրանսպորտի դեպարտամենտի դատախազության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ ինքնաթիռի «սև արկղն» արդեն հայտնաբերվել է։

Ինչպես հայտնի է, ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ