Որն էր ՀՀ նախկին նախագահների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանավեճի հրավերը մերժելու պատճառը
Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ասաց՝ ճիշտ կլինի հարցն ուղղել հենց նախկին նախագահներին:
«Բայց բնականաբար, ինչպես ինձ մոտ, այնպես էլ հասարակության գերակշիռ մասի մոտ փաստարկված է, որ ուղղակի խուսափում են իրականության հետ առերեսվելուց: Հասկանում եք խնդիրն ինչումն է, գերադասում են շատ փոքրիկ, նեղ շրջանակներում, այսպես կոչված՝ ֆան-ակումբներում, որտեղ միայն իրենց կողմնակիցներն են, թիմակիցներն են, էդ շրջանակներում հնչեցնել թեզեր ու քաշվել մի կողմ:
Էդ մարդիկ սովոր չեն, երբ իրենց հայտարարություններին հակադարձում են, սովոր չեն, որ իրենց դիմաց դրվում են փաստարկներ, որոնց հետ չեն կարող հաշվի չնստել, դրա համար էլ խուսափում են վարչապետի հետ բանավեճից»,- ասաց Չախոյանը:
Արդյոք կանխատեսելի չէր, որ բանավեճի հրավերը կմերժեին նախկին նախագահները:
Չախոյանն ասաց՝ դա երկրորդական հարց է եղել:
«Կար խնդիր, կար բանավեճի թեմա, շատ բարձր մակարդակի բանավիճելու հարթակ կարելի էր ստեղծել: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր հասարակության գերակշիռ մեծամասնության համար հետաքրքիր կլիներ լսել Հայաստանի ներկայիս և նախկին ղեկավարների բանավեճը մեր ամենացավոտ խնդրի մասին և արվեց բանավեճի առաջարկը»,- ասաց Չախոյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։