Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում ամենաքննարկվող թեման վարչապետի այն գրառումն է, ըստ որի՝ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Սրան հետևեց Կառավարության ղեկավարի մեկ այլ հայտարարություն, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածները:

Երկրի կառավարման ղեկը տարբեր ժամանակահատվածներում ստանձնած նախագահները, որոնք Կառավարության գործող ղեկավարին ամենատարբեր հարթակներից մեղադրում են Լեռնային Ղարաբաղը հանձնելու և տարածքային կորուստների համար, մերժեցին ուղիղ եթերում, ի տես հանրության, բանավիճել վարչապետի հետ և հիմնավորել իրենց հնչեցրած մեղադրանքները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը օգտագործվել է Հայաստանում իշխանությունը զավթելու և այն պահելու համար:

Վերջինս շեշտում է՝ նախկին նախագահները գնացել, բանակցել են հողերը վերադարձնելու մասին, հետ են եկել, ասել՝ «հող հանձնողին հանձնենք հողին»:

Իշխող ուժի ներկայացուցիչը պնդում է՝ երեք նախկին նախագահները պատասխանատու են հանրության առաջ ոչ միայն քրեաիրավական տեսանկյունից, այլ նաև՝ բարոյահոգեբանական, և հենց դրա համար են հրավիրվել բանավեճի:

Պատգամավորը շեշտում է՝ նախկին նախագահները քաղաքական գործիչներ չեն, այլ քաղաքական բանդիտներ, Հայաստանում տարիներ շարունակ մաֆիոզ բնույթի կառավարում է եղել:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է կենդանություն տալ, այսպես ասած, քաղաքական դիակներին՝ վերջինս նկատում է՝ «այս (-խմբ. նկատի ունի նախկին նախագահներին) մարդկանց նկատմամբ ուշադրությունը չի դադարելու, քանի դեռ բոլոր ճշմարտությունները չեն բացահայտվել»:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ