Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը պնդում է, որ Հայաստանում պետք է բաց դիսկուրս տեղի ունենա, և ժողովուրդը տեղյակ լինի, թե ինչ է բանակցվել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին նախագահներին բանավեճի հրավիրելուն և վերջիններիս կողմից այն մերժելուն:
«Որովհետև խոսում են, որ ԼՂ-ն գրեթե անկախ էր, եկան՝ հանձնեցին, սակայն երբ նայում ենք իրականությանը, հիշում ենք, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ բերում, որի հետևանքով լուծումն անհնար է դառնում, և, ըստ էության, հեղափոխությունից առաջ ասաց, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,- հիշեցնում է Դալլաքյանը:
Մյուս կողմից քաղաքագետը նկատում է՝ չի ընդունում, երբ վեճը անձնական դաշտ են տանում, ինչը հարիր չի նախագահին. «Եթե ինչ-որ բան ունեն ասելու, թող գան, բանավեճի, ասեն, մանավանդ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրի ղեկավարն է, այնպես չէ, որ պաշտոնների անհամատեղելիություն կա, և, ասենք, Լևոն Տեր Պետրոսյանը չի գալիս բանավիճելու: Այդ քայլը՝ բանավեճից հրաժարվելը, բացասաբար է ազդելու հենց իրենց հեղինակության վրա, որովհետև Փաշինյանը կարող է՝ սխալ է ասում, եկեք, ճիշտը բացատրեք, իսկ եթե չեք գալիս, ցույց է տալիս, որ կա՛մ դուք սխալ եք, կա՛մ թաքցնելու բաներ ունեք»:
Դալլաքյանը հիշեցնում է՝ 2023 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ եվրանախագահներն այնպիսի առաջարկներ են արել ԼՂ-ի մասով, որի մասին այսօր կարելի էր երազել, այժմ նախկին նախագահները պետք է գան և բացատրեն, թե ինչու և ինչպես են հրաժարվել այդ առաջարկներից:
«Թող բացատրեն՝ Արկադի Ղուկասյանը ինչո՞ւ մերժեց, Լևոն Տեր Պետրոսյանն ինչո՞ւ հեռացավ, Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս եկավ իշխանության: Գուցե Փաշինյանին կարող են ասել, որ չեն գալիս, բայց ժողովուրդը այս հարցերի պատասխանները ստանալու է, և ամեն ինչ կանենք, որ այդ հարցերը մշտապես բարձրաձայնվեն: Կենցաղային մակարդակով 6 տարի ընդդիմություն աշխատելը և ասելը՝ «կապիտուլյանտ, դավաճան», ու ոչինչ չխոսելը չեմ ընդունում»,- ընդգծում է նա:
Ինչ վերաբերում է նրան, որ երեք նախկին նախագահներն էլ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում ԼՂ բանակցություններում ձախողելու հարցում, քաղաքագետն ասում է. «Չմոռանանք, որ Լևոն Տեր Պետրոսյանը իր՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածում, ըստ էության, մեղադրում էր նոր եկած հայտնի ուժերին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որ Ղարաբաղի հարցով եկել են իշխանության, և ժամանակը ցույց կտա, որ իրենք պատերազմի իշխանություն են, և որ երկիրը տանում են պատերազմի. ԼՂ հարցը չի կարող լուծվել հօգուտ Հայաստանի, այնպես, ինչպես ուզում են 2-րդ և 3-րդ նախագահները»:
Դալլաքյանը նաև հիշեցնում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս արած այն հայտարարությունը, որը, նրա խոսքով, ըստ էության, կրկին մեղադրանք էր՝ ուղղված նախկին իշխանություններին:
«Նա մեղադրեց ՀՀ նախկին իշխանություններին, որ Ղարաբաղը ճանաչեին Հայաստանի մաս, իրենք էլ կգային, կպաշտպանեին, բա էս մեղադրանքին ո՞նց պիտի պատասխանեն, Փաշինյանին հեշտ է ասել՝ դու «կապիտուլյանտ» ես, չենք գալիս, բա Վլադիմիր Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրանք է հղել: Կամ Վլադիմիր Պուտինը Վալդայում հայտարարեց, որ մեզ չի պաշտպանելու, հիմա, եթե ստում է, թող երեքով ասեն՝ ստում է, չեն հերքում, ուրեմն ՌԴ-ն էլ է ասել, որ ձեզ չենք պաշտպանելու, դուք ի՞նչ եք արել՝ բանակը չեք հզորացրել, միլիարդներ եք թալանել, սահմանները ավազհողերով եք պաշտպանել, անգամ բունկեր ու ապաստարաններ չեն եղել, միլիարդներ եք գողացել, հիմա էլ եկել, ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը «կապիտուլյանտ» է: Նախ իրենք իրենց պիտի քննադատեն, որովհետև 30 տարի տարել են այնպիսի քաղաքականություն, որը, ի վերջո, բերել է սրան: Փաշինյանը՝ կարո՞ղ էր դա փոխել, թե՞ ոչ, այլ թեմա է»:
Քաղաքագետն ասում է, որ ժողովուրդը հարցեր ունի նախկին նախագահներին. «Եթե իրենց թվում է, թե Նիկոլ Փաշինյանին ձեռք են առնում, և նրանից հետո էլ մարդ չկա, որ այդ հարցերը իրենցից կպահանջի, չարաչար սխալվում են, գուցե դրա համար էլ չեն գալիս բանավեճի, որովհետև այդ հարցերը իրենց առաջ դրվելու է, ի՞նչ պիտի պատասխանեն: Իրենք հարցերի պատասխան ունեն, որը հօգուտ իրենց չէ ու հօգուտ ՀՀ-ի չէ»: