Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հրամանով ստեղծված Պետական հանձնաժողովի նիստը՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։

Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է նախարարների կաբինետը։

Աշխատանքներ են տարվում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու, նրանց հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանձնարարական է տրվել անհետաձգելի միջոցներ ձեռնարկել զոհվածների ընտանիքների ու հարազատների հետ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար։

Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նաև Ակտաուում բուժում ստացող Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխման ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ