18-ամյա աղջիկը զանգահարել է մորը և հայտնել, որ իրեն մեքենայով առևանգել են

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկներին փոխանցվել է տեղեկություն, որ «Նիսան» մակնիշի մի մեքենա գտնվում է Կոտայքի մարզում, և կասկած կա, որ այն կապված է մարդու առևանգման հետ: Հայտնել էին նաև մեքենայի հաշվառման համարանիշը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ժամը 13.50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսանը» և մայրաքաղաքի բնակիչ 18-ամյա վարորդ աղջկա հետ տեղափոխել Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին:

Չարենցավանի համայնքային և Երևանի քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 18-ամյա աղջիկը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, ծնողների ննջասենյակի պահարանից գողացել է մոտ 250 գրամ ոսկյա զարդեր, 1600 դոլար և 130 հազար դրամ, որոնք Սևանի ափին պետք է փոխանցեր ընկերոջը:

Գողանալուց հետո աղջիկը զանգահարել էր մորը և հայտնել, թե իբր երկու հոգի իրեն և մեքենան առևանգել են, ինչից հետո էլ մայրն ահազանգել էր ոստիկանություն:

Ի դեպ, աղջիկն արդեն հասցրել էր Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկում 1600 դոլարը փոխարինել է 630 հազար դրամով:

Գողությամբ պատճառված վնասը մոտ 8 միլիոն 700 հազար դրամ էր:

Աղջիկը ողջ գողոնը ներկայացրել է իր վարած ավտոմեքենայից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ