Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Մեղրիի փոխանակման թեմայի շուրջ առկա վկայությունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը հերքող լուրերին։

«Քանի որ Հանրայինում բանավեճի ժամանակ և երեկվա գրառումիցս հետո քոչարյանական ճամբարում որոշ ջղաձգումներ են նկատվում՝ միտված Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը հերքելուն, ձեզ եմ ներկայացնում թեմայի շուրջ վկայությունների մի փոքր մասը միայն։

««Եթե ջղաձգումները շարունակվեն», շարքը կշարունակեմ.

1. 2007 թվականին Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, Ա1+ -ին տված հարցազրույցում ասել է.

«Անվտանգության խորհրդի 1999-ի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է»»։

2. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար և արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը Քոչարյանին իր բաց նամակում գրել է.

«1999 թ. սեպտեմբերին Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (…), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «Այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ»։

3. 2000 թ. ապրիլի 25-ին Գլենդելում Վարդան Օսկանյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է հետևյալը.

«Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ» (մեջբերումը՝ «Քալիֆորնիա կուրիեր» թերթի)։

4. Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Հանրայինին տված իր հարցազրույցում պնդել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին՝ Սադարակում։ Հարությունյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։

Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակը իրենից հետևյալն է ներկայացրել. Հայաստանին է միացվում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ-ի և Արցախի միջև միջանցք։ Փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններով), որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևանի հետ։ Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ»,- գրել է Ալեքսանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ