ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.
Դատարանը պարտավորեցրել է «Հրապարակ» օրաթերթի կայքին հերքում հրապարակել
2022 թվականին հայց էի ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի կայքի դեմ՝ զրպարտություն համարելով այն, որ ես իբր լինելով վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ միջամտում եմ տեղական ինքնակառավարման մարմնի (տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) գործերին:
Այսօր իմացա, որ հայցս բավարարվել է մասնակի, բայց կարևորը՝ դատարանը պարտավորեցրել է «Հրապարակին» հերքման տեքստ հրապարակել: Դատարանը նաև որոշել է հօգուտ հայցվորի բռնագանձել 226 հազար դրամ փոխհատուցում, որից 200 հազարը՝ ոչ նյութական վնաս, 26 հազարը՝ պետական տուրքի գումար:
Դատարանը մերժել է ոչ նյութական վնասի հատուցումը 1,8 մլն դրամի չափով, պետական տուրքի և փաստաբանական գումարի հատուցումը՝ 194 հազար դրամի չափով:
Կեցցե՛ արդարադատությունը:
Հ.Գ. Սա եզակի դեպքերից է, երբ դիմել եմ դատարան: Դա արել եմ այն պատճառով, որ որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են նման նյութերով: Մինչ այդ դիմել եմ մամուլը կարգավորող դիտորդ մարմնին՝ oragir և 24news կայքերի հրապարակումների մասով: Դիմումներից մեկը բավարարվել է ամբողջությամբ, մեկը՝ մասնակի: Դիտորդ մարմնին դիմող եզակի պաշտոնյաներից եմ, բայց շատ եմ խրախուսում, որ ավելի շատ դիմենք դիտորդ մարմնին, քան դատարաններ: Այսուհետ էլ կաշխատեմ զերծ մնալ դատարան դիմելուց, կանեմ դա առանձին դեպքերում, երբկհամարեմ, որ իրավունքի ակնհայտ խախտում կա: