Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …

Ղարաբաղի հարցը, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, ճակատագրական նշանակություն ունեցող հարց է. այն իշխանությունից զրկել է համաժողովրդական զարթոնքի ու հայրենատիրության՝ ղարաբաղյան շարժման ալիքի վրա եկած երբեմնի սիրելի իշխանությանը, այն օգնել է համաժողովրդական ատելությունը վայելող իշխանությանը երկու տասնամյակ պահել իշխանությունը՝ առաջին արցախյան պատերազմը շահած ժողովրդի կամքը բռնաբարելու և վերարտադրվելու միջոցով։ …Ու թեև ՀՀ-ում իշխանափոխության հանգեցրած՝ 2018 թվականի հեղափոխության օրակարգը Ղարաբաղի հարցը չէր, բայց այն հաջորդող ժամանակահատվածում շահարկվեց «Սորոսի ծրագրով Ղարաբաղը հանձնելու եկած Նիկոլի» «պատվանդանը սասանելու» նպատակով, մինչև որ իրականություն դարձավ «սասանիչների» կանխատեսումը (թե՞ փափագը)՝ պայթեց 44-օրյա պատերազմն իր հայտնի ելքով։ Պատերազմից հետո նորից Ղարաբաղի հարցն էր, որ «փրկության» հասավ Ղարաբաղի հարցով իշխանությունը պահած կլանին, որը մեկ գերխնդիր ուներ՝ իր գոյության, կենսունակության երաշխիքը (Ղարաբաղի հարցը) դարձնել գործող իշխանության գերեզմանափոսը։

2021-ի հետպատերազմական ընտրությունները նորից Ղարաբաղի հարցի ալիքի վրա տեղի ունեցան, այդ հարցի հետևանքով ձևավորված քաղաքական նոր «ստատուս քվոյի» պայմաններում, ինչի հետևանքով նախկին նախագահների ենթակայությամբ գործող քաղաքական միավորները, որոնք երկու տարի առաջ մերժվել էին, հնարավորություն ստացան նորից մուտք գործել պետական համակարգ։ Մինչդեռ Ղարաբաղի հարցը և պատերազմի ելքը չդարձան Նիկոլ Փաշինյանի «քաղաքական հուղարկավորության» առիթ և պատճառ (ինչպես 1998-ին), ընդհակառակը՝ արձանագրեցին վերջինիս վերընտրությունը կառավարող ուժի կարգավիճակում։ Աներկբա է, որ Ղարաբաղի հարցը, անգամ 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած զարգացումներից հետո, չի կորցրել իր քաղաքական կենսունակությունը և չի կորցնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցի լուծման բանակցային ողջ խրոնոլոգիան՝ «ա»-ից մինչև «ֆ», բացահայտված ու պարզաբանված չէ ամենայն մանրամասնությամբ ու մերկացված՝ «մինչև վերջին շապիկը»։ Մինչդեռ նախկին իշխանություն-գործող իշխանություն հեռահար բանավեճն այս անչափ կարևոր ու գերզգայուն թեմայով մինչև այս պահը չի բարձրացել «կապիտուլյանտ» — «կապիտուլյանտը դուք եք» մակարդակից։ Թե ով է իրական «կապիտուլյանտը», Ղարաբաղի համար կյանք ու կռիվ տված հայ ժողովրդի համար այդպես էլ մինչև վերջ պարզաբանված չի դառնում։

2021-ից ցայսօր ընթերցողը բազմաթիվ վերլուծություններ է լսել խնդրո առարկա հարցի վերաբերյալ, լսել է թե՛ Նիկոլ Փաշինյանի գաղտնազերծումների, թե՛ դրանց ի պատասխան նախկին բանակցողների հերքումների, պնդումների, հավաստիացումների տեսքով, որոնք «ավանդաբար» եզրափակվել են այսպիսի վերդիկտով՝ «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է ու կեղծում…»։ Նույն Փաշինյանն, արդ, նախկին իշխանության «թիվ մեկ» դեմքերին բացառիկ առաջարկ արեց՝ ոչ թե հեռավար, այլ «տետ ա տետ» բանավեճի ֆորմատում ապացուցել, որ իրենք ճիշտ էին և են, «Նիկոլ Փաշինյանը սխալվեց», իրենք ամեն ինչ անում էին, որ (ինչպես դատարանի բակում և այլ հնարավոր ամբիոններից նախքան 44-օրյա պատերազմն աղաղակում էր Սերժ Սարգսյանը) «Արցախը երբեք չլինի (չի լինի) Ադրբեջանի կազմում», որ «գյոզալական» բանակցային ժառանգություն էին թողել Նիկոլ Փաշինյանին, իսկ նա եկավ ու զրոյացրեց այն՝ բանակցությունները սկսելով «սեփական կետից», որ այդ նա՛ սանձազերծեց 44-օրյա պատերազմը, վերջում էլ ստորագրեց կապիտուլյացիայի փաստաթուղթն ու վերջնականապես հանձնեց Ղարաբաղը… Այն Ղարաբաղը, որը իրենց՝ նախկինների բանակցային շնորհքի արդյունքում, փաստորեն, պետք է չլիներ Ադրբեջանի կազմում, այլ պարտադրեր այդ երկրի «ղամմազ» առաջնորդին… ճանաչել իր անկախությունը։

Իսկ ի՞նչ ռեակցիա հաջորդեց Փաշինյանի առաջարկին։ Ինչպես և սպասվում էր՝ ինքզինքը «քաշային բարձր կատեգորիային» դասող նախկին ղեկավարները իրենց սուրհանդակների միջոցով մերժեցին «քաշային ցածր կատեգորիայում» գտնվող Նիկոլ Փաշինյանին ի տես հանրության «հերձելու» (ինչպես կասեր Աշոտյանը), «մաշկազերծ անելու» և նրա «բանակցային պաճուճապատանքը» «Անհուշ բերդ» ուղարկելու բացառիկ հնարավորությունը։ Պատկերացնո՞ւմ եք, թե հանրային ի՜նչ ռեզոնանս կունենար «երեքն ընդդեմ մեկի» ձևաչափով բանավեճը։ Եթե պարզվեր, որ Նիկոլ Փաշինյանն, իրոք, ստում է և կեղծում է իր ստացած բանակցային ժառանգության մասին խոսելիս, այն է՝ «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին…», իսկ նախկին նախագահների օրոք բանակցվածով այլ բան էր երաշխավորվում, ապա սրան, ենթադրում ենք, կհետևեր համաժողովրդական պայթյունը՝ Փաշինյանին ստիպելով վայրկյան առաջ գրել իր հրաժարականի տեքստն ու լքել Կառավարության շենքը։ Իշխանափոխության հասնելու ենթադրյալ հնարավորությունը, փաստորեն, նախկին երեք նախագահները իրենց ձեռքից բաց թողեցին՝ ստիպելով լրջորեն կասկածել նրանց քաղաքական պայքարի անկեղծությանը։ Մեկ ասում են, թե պետք է փոխվի գլխավոր բանակցողն ու գա բանիմաց ու պարտության թուղթ չստորագրած մեկը, այսինքն՝ իրենք, մեկ էլ մերժում են իրենց սիրելի այդ «մանտրան» գլխավոր բանակցողի երեսին ասելու, նրա համար այդ ճշմարտությունն անքննելի դարձնելու հնարավորությունը։

Հայ հանրությունը, փաստորեն, զրկվեց նախկին և գործող ղեկավարների՝ ԼՂ հարցով տված կռվի «պերճանքին ու թշվառությանը» հաղորդակից լինելուց, այդպես էլ չլուսավորվեց՝ Նիկոլ Փաշինյանն էր ճի՞շտ, նախկինները ԼՂ տանուլ տված հարցը «ջեբը քցեցին», թե՞ հակառակը՝ նախկինները ճիշտ էին, այդ Փաշինյանն է, որ պարտության ու «Ղարաբաղը հանձնելու» բեռը փորձում է «քցել» «նախկինների ջեբը»։ Նախկինների, որոնք մեկ նպատակ ու փափագ ունեն՝ վերազավթել իշխանությունը՝ այժմ էլ Ղարաբաղի հարցի «դիակի վրայով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ