«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ թանկացումների վերաբերյալ գրառմանը:
«Մի նախկին քաղաքապետ ունեինք, որն այդպես էլ չհասկացավ, թե քաղաքականությունն ու սեփական ժողովրդի հետ ազնիվ երկխոսությունն ինչ է։
Հիմա մի գրառում է արել, որ մենք իբր ամեն ինչ թանկացնում ենք ու քանի որ տրագիկոմեդիայի ժանրի կանոնները թույլ են տալիս, ի թիվս այլոց, մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, որոնց վերջին օրերին շատ ենք անդրադարձել, հատկապես տրանսպորտի մասով, բացահայտ ստում է, թե մենք նաև շահութահարկ ենք թանկացնում։
Նա նաև չի հասկանում պետական և համայնքային բյուջեների անփոխարինելի դերը համայնքի և պետության կառավարման գործում։
Իսկ իրականությունն այն է, որ մենք 2018թ-ից այս կողմ շահութահարկը 20%-ից դարձրել ենք 18%, իսկ եկամտային հարկը 23, 28 և 36%-երից դարձրել ենք 20%։ Այդ և այլ հարկային բարեփոխումների արդյունքում 2018թ-ի մայիսից մինչ օրս գրանցված աշխատեղերի թիվը ավելացել է ավելի քան 230.000-ով։ Էլ չեմ խոսում պետական և համայնքային բյուջեների և ՀՆԱ շեշտակի աճի մասին։
Հ.Գ. մեր նախկին գործըներոջը կրկին բեմական հաջողություններ եմ մաղթում, քանի որ օրը մեջ քաղաքական թիմ փոխող և օրը ցերեկով ստող գործիչները քաղաքական հաջողություններ դժվար թե ունենան»։
Գրառմանը կից, Թորոսյանը նաև սքրինշոթ է հրապարակել: