Կա՞ այսօր Արցախի հարց, թե՞ ոչ։ Ցավալի է, բայց փաստ՝ Արցախի հարց այս փուլում, իսկ ավելի կոնկրետ 2023 թվականի սեպտեմբերից այլևս գոյություն չունի, չունի որովհետև Ադրբեջանը այդ հարցը ուժով, իսկ Արցախի այդ օրվա ղեկավարությունը Եվլախ գնալով վերջնական փակեցին Արցախի 30 ամյա հարցի դռները։ Ընդունենք, թե ոչ, բայց սա իրականությունն է։ Գուցե հետագայում, աշխարհաքաղաքական այլ իրավիճակում Արցախի հարցը կրկին հայտնվի օրակարգում, բայց այսօրվա իրավիճակը ցավոք նման հեռանկարի հույս չի ներշնչում։
Ովքեր են մեղավոր Արցախը կորցնելու և Արցախը հայկական չպահելու համար։ Մեղավոր են Հայաստանի բոլոր իշխանությունները, իրենց ղեկավարներով հանդերձ։
Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ կապիտալիզացնել Արցախի առաջին պատերազմի հաղթանակը։ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կասեն չթողեցին։ Այո, գուցե Վազգենը, Սերժն ու Ռոբերտը չթողեցին, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում Տեր-Պետրոսյանին, ով միանգամից ձեռքերը վեր պարզեց, երբ հայտնի եռյակը սպառնաց նրան։
1998 թվականից սկսած մինչև 2008 թվականը Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր, թե ինչ պայմաններով պետք է առաջին պատերազմի հաղթանակը հանձնի Ադրբեջանին։ Ռոբերտ Քոչարյանը դրսում մի բան էր ասում, գալիս ներսում հերոս էր խաղում։ Նույն Քաջ Նազարի ոգին ուներ նաև Սերժ Սարգսյանը։ Մի օր ոչ մի թիզիկան էր, մյուս օրը՝ փոխզիջող։ Իսկ Սերժ Սարգսյանի քաջնազարությունը բերեց նրան, որ 2018 թվականին անձամբ ինքը Ազգային ժողովում խոստովանեց․ «բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ՝ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է»: Փաստացի հենց այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց մոտալուտ պատերազմի վտանգի մասին։
Թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը միշտ արգելափակել են Արցախի անկախությունը ճանաչելու ցանկացած փորձ։ Արցախի ճանաչման հարցը բազմիցս փորձ է արվել ԱԺ օրակարգ մտցնել, սակայն ամեն անգամ Սերժ Սարսգյանի «Հանրապետական» կուսակցության պատգամավորները, որոնք այսօր Արցախի հարցում իրենց անպարտելի հերոսներ են համարում, դեմ են քվեարկել նման նախաձառնություններին։
2018 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց փոխել կործանվող նավի ուղղությունը, սակայն դրա համար այլևս ո՛չ ժամանակ կար, ո՛չ էլ ներուժ, որովհետև մինչ Հայաստանի նախկին երկու նախագահները քաջնազարությամբ էին զբաղված՝ թշնամին հասցրել էր զինվել, զինվել թե ռազմական, թե դիվանագիտական առումով։ Փաշինյանը կարող էր Արցախի հարցով բանավեճը կազմակերպել 2018, 2019 թվականներին։ Չարեց, չարեց գուցե մտածելով, որ հնարավոր է ինչ-որ բան կանգնեցնել, փոխել։ Բայց սխալվեց։
Արցախի հարցը 30 տարի շարունակ ներքաղաքական խայծ է եղել։ 30 տարի շարունակ Արցախի հարցը Հայաստանում իշխանություն պահելու և հարստություն կուկատելու գործիք է եղել։ Լուծվեր Արցախի հարցը՝ կփակվեին բազմաթիվ իշխանավորների փարավոնական կյանքի դռները, իսկ որպեսզի այդ դռները երբեք չփակվեին, պետք էր միշտ «բաց պահել» Արցախի դռները։ Սա է իրականությունը, դառը իրականությունը, այն իրականությունը, որի համար հայ ժողովուրդը մի քանի սերունդ զոհաբերեց։