«Մեր հասարակության մեծամասնությունը կարմիր գծերից չի օգտվում, մեր հասարակության մեծամասնությունը օգտվում է հանրային տրանսպորտից, որը տուժում է նույն կարմիր գծերի վճարի քիչ լինելու արդյունքում քաղաքի ծանրաբեռնվածության պատճառով»:
Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով կարմիր գծերին:
«Այն, որ ասում են՝ ավոտոբուսը ուշ է գալիս կանգառ, դա միայն նրանից չէ, որ ավտոբուսների քանակը քիչ է, դա նրանից է, որ քաղաքում էական խցանումներ կան, և քաղաքի բեռնաթափման նպատակներից մեկը դա է: Հետևաբար ասել, որ մարդիկ դեմ են, դուք ինչի՞ եք կարմիր գծերը թանկացնում, կներեք, դա ընդամենը այն մարդկանց խումբն է դեմ, որոնք օգտվում են դրանից, իսկ օգտվողների քանակը, վճարների վիճակագրությունն էլ է ցույց տալիս, մեծամասնություն չի կազմում:
Ես՝ որպես քաղաքի մասին մտածող մարդ, բացել եմ ավագանու որոշումը, տեսել եմ, թե որ փողոցներն են Կենտրոն վարչական շրջանում, որ չկան կարմիր գծերի ցանկում, և նկատել եմ, որ Հյուսիսային պողոտային կից Հին երևանցի փողոցը չի գտնվում կարմիր գծերի այս գոտիների մեջ, և գրավոր առաջարկ եմ ուղարկել, որ այս տարվանից այդ հատվածը նույնպես լինի վճարովի կայանատեղի: Եթե որևէ մեկը կասի, որ դրանից 10 դրամ ինձ գալու է, ես այդ մարդուն կշնորհավորեմ իրականությունը պաշտոնապես լքելու կապակցությամբ»,- ասաց նա: