Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Դրանում Ալիևը նշել է, թե, իբր, «Ադրբեջանն այն եզակի վայրերից է, որտեղ միաձուլվում են տարբեր քաղաքակրթություններ, որտեղ դարեր շարունակ ծաղկել է ազգային մշակութային խճանկարը և հանդուրժողականության մթնոլորտը, տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ գոյակցում են խաղաղության, անվտանգության, փոխադարձ վստահության և հարգանքի պայմաններում»։
«Քրիստոնեական համայնքն առանձնահատուկ տեղ է գրավում ժամանակակից ադրբեջանական հասարակության մեջ։ Ադրբեջանում հաստատված և հարյուրավոր տարիներ մեկ ընտանիքով այստեղ ապրած մեր քրիստոնյա քաղաքացիները նշանակալի դեր են խաղում մեր հայրենիքի հասարակական, քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում՝ հսկայական ներդրում ունենալով մեր սիրելի երկրի բարգավաճման գործում։ Հնագույն քրիստոնեական ժառանգությունը, սրբավայրերը, եկեղեցիները և այլ կրոնական շինություններ մեր երկրում, մզկիթների և սինագոգների հետ միասին, պաշտպանվում են ադրբեջանական պետության կողմից:
Միաժամանակ, մեր երկիրն ակտիվ դեր է խաղում համաշխարհային մշակութային ժառանգության մարգարիտ համարվող քրիստոնեական հուշարձանների պահպանման գործում՝ դրանով իսկ նպաստելով միջմշակութային երկխոսությանը»,-ասվում է Ադրբեջանի նախագահի նամակում։ Հավելենք, որ Բաքուն պետական մակարդակով զբաղվում է Արցախի հայկական կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացմամբ ու վանդալիզմով, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիների պատմության խեղաթյուրմամբ։ Հայկական ժառանգության ոչնչացման փաստերը ՀՀ ներկայացնում է միջազգային ատյաններում։