Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, ամուսնալուծության հայց է ներկայացրել և հայտնել Լոնդոն տեղափոխվելու մտադրության մասին։ Այս մասին գրում է Turkiye today-ը՝ վկայակոչելով թուրքական ու արաբական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Ասմա Ասադը դիմում է ներկայացրել ռուսական դատարան՝ խնդրելով հատուկ թույլտվություն տրամադրել Մոսկվայից հեռանալու համար: Ռուսական իշխանությունները ներկայում քննարկում են նրա դիմումը։ Ասմա Ասադը ծնվել և մեծացել է Լոնդոնում, սիրիացիների ընտանիքում։ Նա երկու՝ բրիտանական և սիրիական քաղաքացիություն ունի։
Ասման Սիրիա է տեղափոխվել 2000 թվականին՝ 25 տարեկանում, նույն տարում ամուսնացել է Բաշար Ասադի հետ։ Լրատվամիջոցը գրում է, որ չնայած Ռուսաստանում ապաստան ստանալուն՝ Ասադը բախվում է խիստ սահմանափակումների, այդ թվում՝ քաղաքական գործունեության և Մոսկվայից մեկնելու արգելքների։ Նշվում է, թե Ռուսաստանի իշխանությունները սառեցրել են նրա ակտիվների զգալի մասը, այդ թվում՝ 270 կիլոգրամ ոսկի, 2 միլիարդ դոլար կանխիկ գումար և 18 բնակարան Մոսկվայում։
Բաշարի եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը, դեռևս ապաստան չի ստացել Ռուսաստանում և ընտանիքի հետ տնային կալանքի տակ է՝ սպասելով իր դիմումի վերաբերյալ որոշմանը։