Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։
Այս մասին հայտնել է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։
«Ռ․ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»,- սոցցանցի իր էջում գրել է Նորիկյանը:
Հիշեցնենք՝ Ազատ գյուղի կացարանում հրդեհը տեղի էր ունեցել 2022-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը: Այնուհետև պարզ դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, կացարանում հրդեհը բռնկվել է կապիտանի կողմից բենզինը վառարանը լցնելու հետևանքով։
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Հրդեհի գործով կալանավորվել է մեղադրյալ կապիտանը:
15 զոհված զինծառայողների գործով թմրաբանական փորձաքննություն էր նշանակվել, միայն մեկի մոտ հայտնաբերվել էին որոշակի հետքեր։