Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի կառուցողական քայլերի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նա բաց չի թողել առիթը՝ Արևմուտքին մեղադրելու ապակառուցողական գործողությունների համար։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ սա Ռուսաստանի քարոզչական գործիքներից մեկն է՝ փորձել աշխարհի աչքին երևալ արժեքավոր դերակատար, որը տարածաշրջանում կարող է խնդիրներ լուծել:

«Այն, որ Գերասիմովը գլուխ է գովում, ասում՝ իրենց ջանքերի շնորհիվ է, որ երկկողմ ձևաչափով են բանակցություններն իրականցվում Բաքվի և Երևանի միջև, մեզ համար շատ վտանգավոր է, որովհետև իրականում խոսքը նրա մասին է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ-ն հանկարծ հստակ գործողություններ չանի Արևմուտքի ուղղությամբ, իսկ մենք հասկանում ենք, որ այս պահին մեր անվտանգությունը, ըստ էության, ուղղակիորեն կախված է Արևմուտքի հետ համագործակցությունից»,- ասում է Խաչատրյանը։

Միաժամանակ նա նկատում է՝ Ռուսաստանից և Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու հարցազրույցները համահունչ են․ «Ալիևն էլ է անընդհատ խոսում ՌԴ դերի կարևորության մասին՝ այդ ճանապարհին ամբողջ աղբը շպրտելով Հայաստանի վրա։ Ռուսաստանը հասկանում է, որ միակ բանը, որ դեռ կարող է անել, քարոզչության միջոցով իրեն դերակատար ներկայացնելն է»։

Բաքվից հնչող այն հայտարարություններն ու մտահոգությունները, թե Հայաստանը շարունակում է զինվել, ու իրենք ամեն ինչ անելու են՝ դիվանագիտական ճանապարհով դա կանխելու, Խաչատրյանը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը շարունակում է վախեր ունենալ:

«Ադրբեջանի ընկալմամբ՝ ՀՀ-ն կապիտուլյացիայի ենթարկված պետություն է, և իր տրամաբանությունը հետևյալն է, որ կապիտուլյացիայի ենթարկված պետությունը չպետք է ունենա բանակ, զինվելու և սեփական սահմանները պաշտպանելու ունակություն։ Եվ, իհարկե, վախեր կան, որոնք ոչ թե զուտ Հայաստանով է պայմանավորված, այլ Արևմուտքով, որովհետև սա նշանակում է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, մի շարք եվրոպական պետություններ, ԵՄ-ն փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը, ինչը ջղաձգումներ է առաջացնում թե՛ ՌԴ-ի, թե՛ Բաքվի մոտ։ ՀՀ ցանկացած համագործակցություն նրանց համար վտանգ է այն տեսանկյունից, որ իրենք չեն կարողանալու ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել, եթե ՀՀ-ն ունենա նման հզոր գործընկերներ, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ն։ Սա Ալիևի ձեռքերը կապող գործոն է դառնում, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ հարաբերությունների ուղղությամբ ավելի լուրջ ու ինստիտուցիոնալ ջանքեր տանի»,- նշում է նա:

Խաչատրյանի համոզմամբ՝ այն, որ Ռուսաստանը ազդեցություն ունի Հայաստանի վրա, միանշանակ է, մյուս կողմից, իհարկե, Արևմուտքն էլ այստեղ ունի իր շահերը և փորձում է ամեն անգամ ՀՀ-ին տարբեր առաջարկություններ անել: Ըստ զրուցակցի՝ պաշտոնական հանդիպումները նույնպես խոսում են այդ մասին, նույն Ֆրանսիայում կայացած Փաշինյան-Թրամփ-Մակրոն հանդիպումը դրա վառ օրինակներից է։

Միաժամանակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահն ասում է՝ պետք չէ զարմանալ Ռուսաստանի պահվածքից. վերջինս չի կարող կառուցողական դեր խաղալ։

«ՌԴ-ն, ըստ էության, օգտագործում է հայ-ադրբեջանական հակամարտությունը որպես գործիք՝ իր ազդեցությունը տարածաշրջանում պահելու համար, այսինքն, եթե անկեղծ լինենք, ՌԴ-ն անգամ շահագրգռված է, որ այս հակամարտությունը երկարի, որովհետև, եթե հակամարտությունը լուծվի, ՌԴ-ն տարածաշրջանում բացարձակ անելիք չի ունենա, եթե հայ-թուրքական հարաբերությունները լուծվեն, նույնպես բացարձակ անելիք չի ունենա, այսինքն՝ ինչքան նվազում է այդ հակամարտությունների թիվը, այնքան ՌԴ դերն է նվազում, որովհետև նա այժմ փորձում է ներկայանալ որպես ՀՀ պաշտպան հայ-թուրքական համատեքստում, հայ-ադրբեջանական համատեքստում, բայց իրականում ուզում է, որ այդ հակամարտությունները տաք մնան, որովհետև դրանով պահում է 102 րդ բազան, ներկայություն՝ հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին, շատ կցանկանար վերահսկողություն ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ում»,- ասում է Խաչատրյանը։

Հարցին՝ իսկ Ադրբեջանը շահագրգռվա՞ծ է, որ լինի խաղաղություն, Խաչատրյանը պատասխանում է․ «Իսկ ի՞նչ կշահի Ադրբեջանը, եթե ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի, ըստ էության՝ շատ քիչ բան է շահում, Հայաստանի հետ համագործակցությունն իրեն ոչ մի քաղաքական, տնտեսական շահույթ չի բերում, այս պայմաններում ամենաշատը խաղաղության մեջ շահագրգռված է Հայաստանը, որովհետև ՀՀ-ն այդ պարագայում կարողանում է բացել իր սահմանները, տնտեսապես ավելի արագ զարգանալ: Այսինքն՝ ամենաշատ ձեռքբերումները Հայաստանն է ունենում, իսկ Ադրբեջանը կորցնում է․ ազդեցություն, ավտոկրատ մեխանիզմով կառավարելու հնարավորություն, նույնն էլ՝ ՌԴ-ն»։

Խաչատրյանի խոսքով՝ այն պահանջները, որ օրեցօր ավելանում են, ամենալավ ցուցիչն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության հաստատելու առումով, իսկ պատերազմ սկսելու առումով, այսպես ասած, ինքնագլուխ չի որոշում կայացնելու․ այդտեղ մեծ դեր են ունենալու միջազգային խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն:

«Կա Թուրքիայի և ՌԴ-ի գործոնները, և նրանց հակակշռող՝ ԱՄՆ գործոնը։ Դա նաև կախված է լինելու, թե ՀՀ-ն որ անվտանգային գոտում է իրեն տեսնելու, որովհետև ՀԱՊԿ-ը չի աշխատում, և այդ միջավայրում մենք ավելի խոցելի ենք։ Եթե մենք մեր անվտանգային բարձիկները ձևավորենք Արևմուտքի հետ համագործակցությամբ, ՀՀ-ի վրա հարձակվելու գինը կթանկացնենք»,- եզրափակում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ