Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին այցելել է «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ:

«Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվում է սառեցված կիսաֆաբրիկատների և երշիկեղենի արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է շուրջ 80 տեսակի երշիկեղեն և մսամթերք:

Նախարար Գևորգ Պապոյանը, ընկերության ղեկավարի ուղեկցությամբ, շրջել է արտադրական տարածքներում, ծանոթացել արտադրական գործընթացներին, ձեռքբերումներին և զարգացման ռազմավարական ծրագրերին:

Ընկերությունը մի քանի անգամ օգտվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիզինգի ծրագրից, որի շրջանակներում ձեռք է բերել նորագույն սարքավորումներ: Այս սարքավորումները հնարավորություն են տվել էապես բարելավել արտադրության որակն ու ծավալները՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին:

«Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարը ներկայացրել է նաև ընկերության առաջիկա ծրագրերը:

Մասնավորապես, արտահանման աճող պահանջարկը բավարարելու նպատակով ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս:

Նախատեսվում է նաև Շիրակի մարզում կառուցել սառնարանային մեծ տնտեսություն և սպանդանոց, որոնք կխթանեն ինչպես ընկերության արտադրանքի մատակարարումը, այնպես էլ մարզի մսամթերքի արտադրության զարգացումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ