Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց Կոսովոյի ճանաչման ուղղությամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

«Քաղաքական սակավամտության և հավկուրության դասագրքային օրինակը և դրա ուշացած սրբագրումը։

«Քսան տարվա ուշացումով։ Դա պետք էր անել Կոսովոյի միջազգային ճանաչման ալիքի ժամանակաշրջանում։ Բայց քանի որ Հայաստանում իշխում էին անուղեղներ, իսկ Արցախում Զորի Բալայանիգաղափարակիցները, որոնք «ասեծիա-աբխազիա» էին շնորհավորում, իսկ հուշել-բզելուց էլ ինքնահավան սիրամարգի նման ասում էին, թե «տենց ա պետք», ապա անօգուտ էր որեւէ բան բացատրելը, մարդկանց չեղած խելքն ուրիշ բանով էր զբաղված։ Դե, իսկ նրանց ընդդիմությունն էլ «իմաստուններն» էին, որ հիմա պետության հանդեպ ատելության մեջ միաձուլվել են նշածս անուղեղների հետ»,- գրել է նա։

Այնուհետև Մեհրաբյանը շարունակել է․

«Հիմա էլ ոմանք բանից անտեղյակ, երբ թեկուզ եւ ուշացած, բայց ճիշտ քայլ է արված, կշտամբում են, թե բա «Արցախը չճանաչեցիք, հիմա Կոսովոն որպես ի՞նչ ճանաչում», ուզում եմ ուշադրություն հրավիրել այդ ժամանակի միջազգային թրենդի վրա՝ ճանաչել ինքնորոշված, մետրոպոլիաների կողմից ճնշվածների անկախությունը։ Այդ ժամանակը բաց թողնվեց ամենաանպատասխանատու ձեւով, ինչ է թե ռուսներն ականջներին բան էին փսփսացել։

Եվ դրան հաջորդեց այդ նույն փսփսացողների ագրեսիան ընդդեմ Վրաստանի եւ նրանց սիրելի «ասեծիա-աբխազիայի» խուժանավարի «ճանաչումը», իսկ իրավիճակի պատասխանատու «ստրատեգները» ուղեղներն անջատած՝ «շնորհավորում» էին, հրճվում էին, Ղրիմի աննեքսիայի «պատվին» հետեւի ոտերի վրա զուռնա-դհոլ քոքած պար էին բռնել Զորի Բալայանի քավորությամբ, Արցախի համալսարանում «լսարան էին բացում», խուժան «չեմպիոնատներ» էին քոքում Ստեփանակերտում, բայց Կոսովոյի հարցում խուլ էին, կույր էին եւ համր։

Հետո եղավ այն, ինչ եղավ, մենք էլ մնացինք ձեռնունայն՝ դժբախության մեջ։ Իսկ հիմա աշխարհում տարածքային ամբողջականությունն ընկալվում է շատ սուր, եւ դրա ժամանակը չէ։ Սակայն, Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, եւ դա բխում է մեր շահերից։ Կոսովոն քաղաքական կուրս է վերցրել դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ, որքան էլ որ սերբ ռուսասեր-ֆաշիստ շրջանակները, նրանց ձեռքը կրակն ընկած Վուչիչը դրա հետ հաշտ չլինեն։

Դե, իսկ հիմա լռեք։ Ճիշտ քայլ է արված Երեւանի կողմից։ Առաջին փուլով, իհարկե, եւ հուսով եմ, երկրորդն էլ երկար սպասել չի տա։ Ապրե՛ք։ Չնայած, ավելի շուտ պիտի անեիք։ Մեռանք ասելով․․․․»։

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ