Ավելի քան 628 մլն դրամի գույքի ու 1,5 մլրդ դրամի պահանջ Լևոն Յոլյանից. այդ միջոցների վրա կալանք է դրվել

Դատախազությունից հայտնում են, որ Լևոն Յոլյանին պատկանող ավելի քան 628 միլիոն դրամի գույքի ու 1,5 միլիարդ դրամի վրա կալանք է դրվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Դատախազությունը տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 1 անշարժ գույք՝ Ծաղկաձոր քաղաքում, 3 անշարժ գույք՝ Արտավազ գյուղում, 1 անշարժ գույք՝ Արտաշատ քաղաքում և 1 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 628 միլիոն դրամ.
Երևան քաղաքում երկու գույքի շուկայական արժեքները, որոնց հանրագումարը կազմում է ավելի քան 53 միլիոն դրամ.
3 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություններ.
Ավելի քան 69 միլիոն դրամին համարժեք փոխառության պահանջի իրավունք և շուրջ 32 միլիոն դրամին համարժեք ավանդ.
1 միլիարդ 569 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը եւ նրա դուստրը՝ Մերի Յոլյանը, հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ