Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցների հետ խոսել է ամենատարբեր թեմաների մասին, դրա շրջանակում կրկին մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին և սիրաշահել ռուսական կողմին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այն, որ հարցազրույցը ռուսական լրատվամիջոցների հետ էր, արդեն անխուսափելի է դարձնում դրա պրոռուսական լինելը։
Ալիևի հիմնական շեշտադրումները, նրա խոսքով, վերաբերում էին այն հիմնական թեզերին, որոնք ադրբեջանական կողմը մշտապես հնչեցնում է։ Միևնույն ժամանակ, վերջինիս խոսքով, Ադրբեջանի նախագահը ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ ունի տարածաշրջանային նույն մտահոգությունները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրները։
«Այսինքն՝ այս հարցազրույցով Ալիևը տեսանելի դարձրեց այն, որ գտնվում է ռուսական դաշտում։ Ռուսական լրատվամիջոցների հետ պետք է ցույց տար, իհարկե, որ իր քաղաքականությունը ռուսական գծի մեջ է, ոչ մի կերպ հակասություններ չունի։ Սակայն, երբ խոսում է արևմտյան լրատվամիջոցների հետ, Ադրբեջանի քաղաքականությունը ներկայացնում է բավականաչափ արևմտամետ և Արևմուտքի գծի մեջ»,- նկատում է նա։
Զրուցակցի նկատառմամբ՝ այդ ուղերձներից հատկապես կարևորվում են այն՝ ոչ նոր դաշտ նետված թեզերը, թե Խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտում է, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել:
«Ռուսաստանից զենք գնելու մասին հայտարարությունը ևս հստակ ուղերձ էր․ եթե Հայաստանը հրաժարվի անգամ զենք գնել Արևմուտքից, Ադրբեջանը կգնի ՌԴ-ից, դրանով էլ իր անվտանգային համակարգը կկառուցի՝ հաշվի առնելով այդ երկրից ունեցած կախվածությունը։ Զենքը ռուսական է, ուրեմն դու կապ ես ապահովում ՌԴ-ի հետ։ Քո կառուցած անվտանգային համակարգը չի կարող լինել Ռուսաստանի դեմ։ Նաև ասում է՝ Հայաստանը, լինելով ռուսական կողմի դաշնակիցը, ձևավորում է մի անվտանգային համակարգ, որը դեմ է ՌԴ-ին»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ արված հայտարարությանը, ապա, ըստ Պետրոսյանի, սա ևս ռուսական կողմի համար էր. հարցը տեղավորվում է Ռուսաստանի քաղաքականության ուղեծրում․ «Ալիևն ասում է՝ եթե Հայաստանը չի գնում այդ խմբի լուծարմանը, նշանակում է, որ սպասում է ռևանշիզմի և հարմար իրավիճակ է ստեղծելու խումբը նորից վերակենդանացնելու համար։ Այսինքն՝ անգամ միջազգային բառապաշարով քննադատում է Ֆրանսիային, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին, որոնք Ռուսաստանի դեմ են։ Թրամփի մասին Ալիևը բավականաչափ հարգալից է խոսում»։
Կարևոր շեշտադրումներից էր նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, նկատում է փորձագետը․ «Սա խոսում է նրա մասին, որ իրենք «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգին բավականաչափ լուրջ են վերաբերվում։ Միևնույն ժամանակ, ասում է՝ եթե դուք կփորձեք Ռուսաստանի երաշխավորությամբ վերակենդանացնել Արցախը, ապա դրան զուգահեռ կա նաև Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների հարցը»։
Իսկ թե ինչո՞ւ է ռուսական լսարանի համար Ադրբեջանի նախագահը առաջ բերում ՀՀ Սահմանադրության հարցը, Պետրոսյանը նկատում է. «Ալիևը առաջ է բերում այդ հարցը՝ կրկին ցույց տալու, որ խաղաղության չի գնում։ Այսինքն՝ նման պահանջներով նպատակ ունի Ռուսաստանի միջոցով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա։ Մեծ հաշվով այդ թեզը նոր չէ, և նա այդ մասով կրկնում էր այն, ինչ մշտապես է կրկնել։ Սակայն պետք է հիշենք ՀՀ վարչապետի հայտարարությունը․ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել»։
Խոսելով Ալիևի այն հայտարարության մասին, ըստ որի՝ «Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին Ղարաբաղի վերականգնման համար և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերություններին»՝ փորձագետն ասում է՝ սա առավելապես քաղաքական ուղերձ է:
«Հաշվի առնելով ՌԴ դերակատարումը 2020 թվականին և դրանից հետո Արցախում տեղ գտած զարգացումների համատեքստում։ Քաղաքական ուղերձը կարևոր է նաև այն առումով, որ այս պահին Ռուսաստանը արտաքին ներդրումների դիվերսիֆիկացիա անելու անհրաժեշտություն չունի, քանի որ աշխատում է պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ։ Այսինքն՝ Ալիևը հիշեցնում է Պուտինին, որ Ղարաբաղի հարցով տրված խոստումներ կան, որոնք պետք է իրագործել։ Օրինակ՝ Իրանի հատվածում երկաթգծի շինարարությունը»,- նկատում է նա:
Զրուցակիցը բավականաչափ ուշագրավ է համարում Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանը թուրքական ռազմաբազայի կարիքը չունի»:
«Այսինքն՝ Ալիևի այս միտքը տեղավորվում է Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցությունը նվազեցնող քաղաքականության մեջ։ Ընդ որում՝ դա երևում է ոչ միայն բովանդակային առումով առանձին քաղաքականության, այլ նաև քարոզչության մակարդակում։ Նոյեմբերին Արցախում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ էլ զգալիորեն նվազել էր Թուրքիային վերաբերող քարոզչության էլեմենտների կիրառումը։ Չկար թուրքական դրոշը, որը մշտապես առկա էր, Ալիևի կողքին էլ չկար Էրդողանի նկարը։ Ասում է՝ եղբայրական երկրներ ենք, բայց հավասարը հավասարի հետ խոսող երկրներ պետք է լինենք»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե «եվրոպացի դիտորդների անվան տակ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք», զրուցակիցը հիշեցնում է՝ ԵՄ դիտորդների դեմ նպատակային կերպով հանդես գալը Ադրբեջանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղեգծերից մեկն է։
«Դեմ է, որովհետև այն նպաստում է Արևմուտքի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը, ավելի բարձր մակարդակի մասին է խոսում։ ԵՄ դիտորդների ներկայությամբ սահմանափակվում է Ադրբեջանի ռազմական ազատությունը։ Այս համատեքստում ՆԱՏՕ-ի մասին խոսելը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում ընթացող պրոցեսներով։ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գիտենք, որ լավ չեն, հետևաբար սա ուղերձ է ՌԴ-ին՝ պահանջել Հայաստանից դադարեցնել առաքելության ներկայությունը, ինչ-որ չափով ազդել նաև Իրանի վրա»,- նշում է նա:
Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Հայաստանը չի դիմանա սպառազինությունների մրցավազքին՝ չնայած Արևմուտքի օգնությանը»՝ տարածաշրջանային հարցերով փորձագետը նկատում է՝ տարբեր մակարդակներում երևում է՝ փորձ է արվում հասնել Հայաստանի ինքնապաշտպանական ներուժի համալրման սահմանափակմանը. «Տեսնում ենք, որ ակտիվ արշավ կա Ֆրանսիայի, Հնդկաստանի, այն երկրների դեմ, որոնք ակտիվ օգնում են Հայաստանին։ Ադրբեջանը նպատակ ունի տապալել այդ օգնության բոլոր փորձերը»։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այս շեշտադրումները Ալիևը պարբերաբար է ներկայացրել՝ որպես ֆոնային պատճառներ Հայաստանի հետ խաղաղության գնալու հարցում։ Ըստ նրա՝ Ալիևի բարձրաձայնած հարցերն ու հայտարարությունները հնացած են։ Նոր բան չասելով՝ վերջինս նորից կրկնել է այն բոլոր թեզերը, որոնք Հայաստանի կողմից հակադարձվել են։