2024 թվականի դեկտեմբերի 10-ից Հայաստանի Հանրապետությունում վարորդները մեքենաները պարտադիր պետք է վարեն ձմեռային անվադողերով:
Կառավարությունը նոյեմբերի վերջին ընդունեց սույն որոշումը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նկատել էր, որ երկրում ձյան կամ հորդառատ անձրևի տեղումներով պայմանավորված՝ գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնք մեծ մասամբ հետևանք են եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելու:
Ըստ այդմ՝ Կառավարությունն ավելացրել է նոր պայման, որով արգելվում է տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միաժամանակ, ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։ Կանոնները խախտելու դեպքում տուգանքը 5000 դրամ է:
Պարեկային ծառայության սերժանտ Արաբո Բզնունին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ինչ օրենքն ուժի մեջ է մտել, շուրջ 20-25 արձանագրություն է կազմել։
Նրա խոսքով՝ նոր պահանջից դժգոհող վարորդներ քիչ կան, քաղաքացիները հիմնականում գոհ են:
Անվադողերի մասին օրենքը գործում է բոլոր մեքենաների համար՝ լինի բեռնատար, թեթև մարդատար, թե ավտոբուս։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: